Դեռևս Sevan Startup Summit 2021-ի աղմկահարույց չեղարկումից հետո Ստարտափ Արմենիա հիմնադրամը հայտարարեց, որ նախագիծը կշարունակի իր գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր ծովափնյա երկրներում։
Հայաստանում սամմիթի անցկացման համար Սևանա լճի նոր ափամերձ տարածքի փնտրտուքների հետ մեկտեղ սկսեցին ակտիվացվել Seaside Startup Summit-ի աշխարհագրական սահմանների ընդլայնման աշխատանքները։ Զուգահեռ մշակվեցին նախագծի որոշակիորեն ձևափոխված ֆորմատներ, որոնցից SSSholidays-ը առաջին անգամ անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում։
Այս տարի ևս Sevan Startup Summit-ը չի անցկացվելու տեխնիկական և ժամկետային խնդիրների առկայության պատճառով։ «Չնայած նրան, որ այս պահին Սևան ազգային պարկի և պետական այլ գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքների արդյունքում գտել ենք սամմիթի անցկացմանը գրեթե համապատասխան նոր տարածք, չնայած նրան, որ դեռևս 2021 թվականի վերջերից մեծ աշխատանք ենք իրականացրել Sevan Startup Summit 2022-ը իրականություն դարձնելու ուղղությամբ՝ այնուամենայնիվ ստիպված ենք հայտարարել, որ այս տարի նույնպես, որոշակի տեխնիկական և ժամկետային խնդիրներից ելնելով, տարածաշրջանի ամենամեծ և ամենասպասված հավաքը տեղի չի ունենա արդեն ավանդույթ դարձած հուլիսի վերջին և այն ծավալներով և ձևաչափով, ինչպիսին այն ընկալվում է մեր էկոհամակարգի կողմից»,- նշել է Seaside Startup Summit նախագծի տնօրեն Վահագն Ռափյանը։
Այս պահին Ստարտափ Արմենիա հիմնադրամը ակտիվորեն աշխատում է 2022 թվականի աշնանը Seaside Startup Summit Australia և SSSholidays India Goa սամմիթների անցկացման ուղղություններով։ Կազմակերպիչները նշում են, որ շուտով կսկսվեն Sevan Startup Summit 2023-ի նախապատրաստական աշխատանքները, իսկ արտերկրյա միջոցառումների վերաբերյալ վստահեցնում են, որ շատ շուտով կլինեն համապատասխան հայտարարություններ։
Հիշեցնենք, որ բոլորին հայտնի Seaside Startup Summit նախագիծը Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից սկսել է իրականացվել դեռևս 2016թ.-ից: 2016-2019 թվականներին Հայաստանում և արտերկրում անցկացված 6 վրանային բիզնես ֆորումներին մասնակցել են ավելի քան 1000 ստարտափ ընկերություններ, բանախոսներ, մենթորներ և ներդրողներ ավելի քան 50 երկրից։ Միջոցառման շրջանակներում մինչ օրս իրականացրած ներդրումները գերազանցում են 4 մլն դոլարը։ Sevan Startup Summit-ում ձևավորված ստարտափներից թերևս ամենահաջողված ընկերությունը SuperAnnotateAI-ն է։ Ընդամենը 3,5 տարվա ընթացքում ընկերությունը գրանցել է հսկայական աճ և այսօր գնահատվում է մոտ 100 մլն դոլար։