Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայտնի է «ԴիջիՔեմփ» եռամրցաշար-ճամբարի հաղթող թիմի անունը
News 25/07/2022 17:16

Հուլիսի 25-ին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվեց «Միտք – Մշակույթ – Մարմնակրթություն» խորագիրը կրող «ԴիջիՔեմփ» եռամրցաշար-ճամբարը, որին մասնակցում էր 168 դպրոցական Հայաստանի մարզերից, Արցախից և Ջավախքից։ Նախաձեռնող՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԱՏՁՄ)։

Ճամբարի նպատակն էր նպաստել 14-17 տարեկան դպրոցականների նորարարական գաղափարների, ինչպես նաև արդեն ստեղծված նախագծերի առաջխաղացմանը՝ միաժամանակ կարևորելով մշակութային ժառանգության փոխանցումը և մարմնակրթության զարգացումը։

Ճամբարին որպես մենթորներ ներգրավվել էին ծրագրավորողներ, ճարտարագետներ, ստարտափերի զարգացման մասնագետներ, պարուսույցներ և ֆուտբոլի մարզիչներ, ովքեր ամբողջ ընթացքում աշխատեցին թիմերի հետ և պատրաստեցին նրանց մրցույթներին։

Եռամրցաշարի առաջին հորիզոնականում հաղթող ճանաչվեց Սյունիքի մարզի «Զանգեր» թիմը։ Որպես մրցանակ թիմին հանձնվեց Եռամրցաշարի գավաթը, ինչպես նաև դրամական պարգև՝ 300.000 դրամի չափով։ Երկրորդ տեղում էր Երևանի Bus tracker թիմը (220.000 դրամ)։ Երրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանի չորս մարզերից անդամներ ունեցող «Ալիբի» թիմը՝ (150.000 դրամ)։

Նորարական տեխնոլոգիական գաղափարների մրցույթում առաջին տեղում էր «Զանգեր» թիմը (180.000 դրամ)։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Bus tracker թիմը (140.000 դրամ)։ Երրորդ տեղում Վանաձորի «Իրուր հետ» թիմն էր (100.000 դրամ)։

Հայկական ազգագրական պարերի մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց «Է-հարթ» թիմը Երևանի Իրական դպրոցից։ Երկրորդ տեղում էր Light is power թիմը Գեղարքունիքի մարզի Լուսաղբյուր գյուղից, իսկ երրորդ տեղում՝ Գյումրու In the Fly թիմը։ Բոլոր անվանակարգերը զբաղեցրած թիմերի անդամները ստացան «Խորոտ» ապրանքանիշի նվեր-քարտեր։

Մինի ֆուտբոլի առաջնությունում առաջին հորիզոնականը զբաղեցրեց «Ջավախք» թիմը, որպես մրցանակ թիմի անդամներին հանձնվեց առաջնության գավաթը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Աշոցքի Arm QR-GUIDE ath թիմը։ Երրորդ տեղում էր «Կանաչ տուն» թիմը՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից։ Բոլոր թիմերին հանձնվեցին նաև խորհրդանշական նվերներ։

Նշենք, որ «ԴիջիՔեմփ» եռամրցաշար-ճամբարը այս ամառ ԱՏՁՄ կողմից կազմակերպվող չորս ճամբարներից մեկն էր, որն այս ձևաչափով անցկացվեց առաջին անգամ։

Ճամբարի գործընկեր՝ Գյոթե կենտրոն – Երևան։