Սույն թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ Կառավարության թիվ 1703-Ն որոշման համաձայն շուրջ 1․2 մլրդ դրամ ուղղվում է պետական պահուստային ֆոնդ՝ ներառյալ շուրջ 400 մլն դրամը, որը նախատեսված է եղել հայկական ռազմաարդյունաբերական ոլորտի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) իր մտահոգությունն է հայտնում տվյալ որոշման կապակցությամբ։
«Ներկա իրավիճակում, երբ երկիրը կանգնած է անվտանգային խիստ մարտահրավերների առաջ, իսկ ռազմարդյունաբերական ոլորտում գործող ընկերությունները փնտրում են մասնավոր ներդրումներ, որպեսզի կարողանան ապահովել իրենց ամենօրյա բնականոն կենսագործունեությունը և հայկական ռազմարդյունաբերական ոլորտի զարգացումը, ոլորտը պետական կառույցներից սպասում է այլ գործելաոճ։ Կայացված որոշումը առավել անհասկանալի է, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ պետական բյուջեի ծախսային կատարողականը շատ ցածր է։
Ստեղծված իրավիճակում ԱՏՁՄ-ն մտահոգություն է հայտնում, որ տվյալ միտումը դառնում է ավանդական վտանգավոր վարքագիծ և պահանջում է ՀՀ ԲՏԱ նախարարության հստակ բացատրությունն ու հիմնավորումը», – նշվում է ԱՏՁՄ հայտարարության մեջ։