Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայկական BLiiNK-ը կօգնի պահպանել տեսողությունն ու ճիշտ կեցվածքը համակարգչով աշխատելու ընթացքում
News 23/02/2023 12:39

Համակարգչով աշխատելու ընթացքում տեսողության և կեցվածքի հետ կապված խնդիրներից խուսափելու, աշխատելու առողջ վարքագիծ ձևավորելու նպատակով Նաիրի Բաղդասարյանը, Արտաշես Բաղդասարյանը և Արթուր Հովհաննիսյանը ստեղծել են արհեստական բանականությամբ համալրված համակարգչային BLiiNK հավելվածը:

«BLiiNK-ն արհեստական բանականությամբ աշխատող հավելված է, որն օգնում է համակարգչից օգտվողներին խուսափել աչքերի և կեցվածքի հետ կապված առողջական խնդիրներից։ Մշակել ենք ծանուցումների համակարգ, որի շնորհիվ աշխատանքային ժամերն առավել առողջ և արդյունավետ կդառնան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ստարտափի համահիմնադիր Նաիրի Բաղդասարյանը։

Բաղդասարյանը մասնագիտությամբ միջուկային էներգետիկ է: Լեհաստանում 2-րդ PHD-ն է արել և 2020 թվականին պատերազմից մեկ ամիս առաջ վերադարձել ու որոշել է Հայաստանում ապրել։ Սկսել է ծրագրավորում սովորել, ընդունվել է աշխատանքի որպես Data Scientist՝ աշխատելով տարբեր ընկերություններում: Նրա խոսքով՝ տեսողությունը 3-4 տարվա ընթացքում վատթարացել է:

«Բժիշկս ասաց, որ համակարգչով պետք է քիչ աշխատեմ, աչքի արհեստական արցունքներ օգտագործեմ, բայց միշտ մոռանում էի: BLiiNK-ի գաղափարը հենց այդ ժամանակ ծագեց: Մտածեցի գաղափարս դարձնել բիզնես։ Ինձ միացան Արտաշեսն ու Արթուրը, ովքեր ևս որպես ծրագրավորող կարևորում էին խնդիրը: Սկսեցի ուսումնասիրել ու բացահայտեցի, որ մարդիկ համակարգչով աշխատելիս սովորաբար մոտ 3 անգամ քիչ են թարթում: Նույնը նաև մեջքի ու ճիշտ կեցվածքի պահպանման առումով է: Ի դեպ, կեցվածքն էլ տեսողության վրա ազդեցություն ունի. սխալ կեցվածքն ինքնին բերում է արդեն տեսողական խնդիրների, այն ազդում է նաև հորմոնալ մակարդակի վրա և կարող է հանգեցնել մի շարք այլ խնդիրների»,- պատմեց ստարտափի գաղափարի հեղինակը:

Ըստ համահիմնադիրների՝ համակարգչով աշխատողների գրեթե 45 տոկոսը սխալ կեցվածքով պայմանավորված խնդիր ունի, իսկ 54 տոկոսը՝ աչքերի։ Երբ մարդ տարված է լինում աշխատանքով, շատ հաճախ մոռանում է կեցվածքի և աչքերի մասին, և հիշում միայն այն ժամանակ, երբ արդեն ցավ կա։ Մտածել են, որ լավ կլինի, եթե ինչ-որ մեկն իրենց կողքից տեսներ և հիշեցներ՝ աչքեր հաճախ թարթելու և ուղիղ նստելու մասին:

«Հասկացա, որ համակարգիչը կարող է հիշեցնել թարթելու և ճիշտ կեցվածքով աշխատելու մասին, որը շուտով սովորություն կձևավորի մեզ մոտ»,- նշեց Բաղդասարյանը:

Նմանը չունեցող հարթակը համակարգչային հավելված է՝ նախատեսված Windows-ի համար։ Հարկավոր է ներբեռնել համակարգչում և այն կաշխատի առանց համացանցին միանալու, ոչ մի տվյալ չի փոխանցում և գործարկելուց հետո այն գործում է ավտոմատ ռեժիմում:

Ծրագիրը վերցնում է օրինակելի դիրքը ու համեմատում մյուս դիրքերի հետ, հետո  ծանուցում ուղարկում անհամապատասխանության դեպքում։ Ծանուցումն էկրանից անհետանում է միայն աչքերը թարթելուց կամ կեցվածքն ուղղելուց հետո։ Օգտատերը կարող է նշել, թե ինչ ձևով է նախընտրում ծանուցումներ ստանալ, օրինակ, էկրանի որ մասում, ինչ չափով, տեքստով ու պարբերականությամբ:

«Ինքս սկսել եմ մեծ հաճախականությամբ ծանուցումներից, աստիճանաբար քչացնում եմ։ Մի քանի ամիս նույն գործողությունը կրկնելուց հետո մարդու մոտ սովորություն է ձևավորվում։ Համակարգը տրամադրում է նաև վերլուծություն, որի միջոցով հնարավոր է տեսնել, թե ինչ փոփոխություններ կամ առաջընթաց կա, քանի անգամ է ստուգվել ու քանի սխալ արձանագրվել։ Արհեստական բանականությունն օգտագործում ենք պատկերների ճանաչման, համեմատության համար»,- ասաց Բաղդասարյանը։

Ներդրումներ են ստացել FAST-ի հրեշտակ ներդրողների ցանցից։ Մասնակցել են նաև Hero House-ի Armenia Startup Academy-ի աքսելերացիոն ծրագրին, որի ավարտից հետո GIZ-ից դրամաշնորհ են ստացել։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ «Գաղափարից բիզնես» նախագծով 10 միլիոն դրամի չափով գումար են ստացել: SSS Holidays Vizag INDIA-ի ժամանակ 3000 դոլարի չափով մրցանակ են շահել՝ զբաղեցնելով առաջին տեղը Idea Stage խմբում, բայց կարևորում են նոր ծանոթություններն ու կապերը հնդկական շուկայում: Ներկայում աշխատում են մարքեթինգային տարբեր խողովակներ կիրառել՝ հասկանալու համար, թե որ հարթակներն ու մեթոդներն են ամենաարդյունավետը:

«Ներկայումս ունենք մոտ 200 ակտիվ օգտատեր, 1 վաճառք ՏՏ ընկերության և 10 ընկերությունների հետ համագործակցության փուլում ենք: Ընկերությունների համար շատ կարևոր է ունենալ առողջ և արդյունավետ աշխատակիցներ, և BLiiNK-ը  մատչելի և շատ արդյունավետ գործիք է այդ տեսանկյունից։ Սկսել ենք Հայաստանի շուկայից ու թիրախավորում ենք հիմնականում ՏՏ ոլորտի ընկերություններին, որոնք կարող են իրենց աշխատակիցների համար ներդնել համակարգը»,- ասաց Բաղդասարյանը։

Ներկայում աշխատում են Mac OS-ի համար նույն լուծումը մշակել: Ըստ կանխատեսումների՝ այն մոտավորապես 3 շաբաթից պատրաստ կլինի։ Ծրագրում են նաև միջազգային շուկա դուրս գալ՝ ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, Մեծ Բրիտանիա։

«Մեր նպատակը խնդիրը կանխարգելելն է, ոչ թե միայն արդեն խնդիրներ ունեցողների մոտ սովորույթի ուժ ձևավորելը»,- եզրափակեց Բաղդասարյանը:

Կան պլաններ նաև մոբայլում նման տարբերակ մշակել: Ապագայում հավելվածում կլինի ոչ միայն աչքերի ու կեցվածքի մասը, այլև պլանավորում են հարթակը տարբեր առողջական խնդիրներ կանխարգելող համալիր համակարգի վերածել:

Կարինե Տերտերյան