Բյուրականի մի խումբ երիտասարդներ որոշել են ստեղծել ռազմամարզական ճամբար։ Նախաձեռնող խումբը Բյուրականի Երիտասարդական Կենտրոնն է` ԲԵԿ-ը, որի նպատակը ոչ միայն Բյուրականի տուրիստական գրավչություն ներկայացնելն է, այլև երկրի անվտանգային խնդիրների լուծելը։
Գաղափարի իրագործմանը իր աջակցությունն է հայտնել Zipwine Byurakan-ը, իսկ ՈՄԱ-ն և Ռազմարշավ ակումբները ներգրավված կլինեն ճամբարի իրականացման ամբողջ գործընթացում, որը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 24-29-ը։
Կայացվելիք ռազմամարզական ճամբարը նպատակ ունի երիտասարդներին փոխանցել․
- զենքին տիրապետելու հմտություններ (քանդել և հավաքել, խնամք, նշանառություն, կրակային դասեր),
- զարգացնել անհրաժեշտ գիտելիքներ առաջին բուժօգնության վերաբերյալ(վիրակապում, տուժածի վիճակի ճիշտ գնահատում, արհեստական շնչառություն և այլն)
- գաղափար կազմել ալպինիզմի մասին, սովորել անվտանգության կանոնները, հաղթահարել վախերը և պետք եղած ժամանակ օգտագործել գործնականում:
Ap.am հարթակում սկսվել է դրամահավաք, որպեսի հավաքվի ճամբարի իրագործման համար անհրաժեշտ գումարը։ Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 4,362,000 դրամ։
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր բիզնես, պետք է մտածի նաև հավելյալ արժեք ստեղծելու մասին։ Օգնելով նմանատիպ նախաձեռնություններին մենք նախևառաջ օգնում ենք ինքներս մեզ»,- նշեց Zipwine Byurakan-ի տնօրեն Ժիրայր Մուշեղյանը։
Ճամբարի ստեղծման նպատակն ի սկզբանե եղել է ռազմահայրենասիրական դաստիարակությունը՝ անկախ սեռից ու տարիքից։ Ռազմամարզական ճամբարի ընթացքում երիտասարդները մնալու են վրաններում, սովորելու են գոյատևել վայրի պայմաններում և անհրաժեշտ իրավիճակներում օգտագործել իրենք ստացած գիտելիքները։ Նրանք ուսումնասիրելու և գործնականում կիրառելու են` առաջին բուժօգնություն, կրակային պատրաստություն, մարտավարություն, ալպինիզմ։