Ինժեներական քաղաքում այսօր բացվել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը»՝ նշանավորելով նոր քայլ և զգալի առաջընթաց երկրի գիտական և տեխնոլոգիական ոլորտներում:
«Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը» հիմնվել է պետություն-մասնավոր հատված գործընկերության հենքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի/ Պոլ Սաբատիե համալսարանի, ԱԹՈՍ (այժմ՝ Էվիդեն) ընկերության համագործակցությամբ։
Հատկանշական է, որ «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն»-ում տեղադրված գերհամակարգիչը լեգենդար Շառլ Ազնավուրի պատվին անվանակոչվել է «Ազնավուր»՝ խորհրդանշելով հայ-ֆրանսիական սերտ համագործակցությունը։
Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոնը հնարավորություն ունի շատ արագ կատարել բարդ հաշվարկներ և տվյալների վերլուծություններ տարբեր ոլորտներում։
«Կենտրոնը խոշոր ներդրում է Հայաստանի ապագայի համար և լայն հնարավորություններ է ընձեռում գիտական նորարության, արհեստական բանականության, ՏՏ ոլորտում։ Այս կենտրոնը ոչ միայն կընդլայնի մասնագետների հետազոտական կարողությունները, այլև կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, համաշխարհային գործընկերությունների ընդլայնմանը, կխթանի երկրի կայուն տնտեսական աճը։ Կենտրոնը ևս մեկ անգամ կամրապնդի Հայաստանի դիրքավորումը՝ որպես տեխնոլոգիաների և հետազոտությունների տարածաշրջանային առաջատար»,- ընդգծել է Բագրատ Ենգիբարյանը: Նա կարևորել է նաև նման մասշտաբային ծրագիր իրականացնելու գործում պետություն-մասնավոր հատված համագործակցությունն ու իրականացված աշխատանքները։
Միջոցառման ընթացքում ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը հանդես է եկել «Բացահայտելով Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի ներուժը» վերնագրով բանախոսությամբ։
«Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնն» այսօրվանից բաց է և պատրաստ է ծառայելու՝ որպես գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական առաջընթացի կիզակետ:
Կենտրոնը կխթանի գիտահետազոտական և տեխնոլոգիական ոլորտների զարգացումը՝ մասնագետներին ապահովելով ժամանակակից հետազոտություններ կատարելու և բարդ ու համալիր խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ ռեսուրսներով: «Հայաստանում ազգային գերհամակարգչային կենտրոնը» նշանակալի դեր կխաղա Հայաստանի գիտելիքահենք տնտեսության առաջխաղացման գործում: