
UWC Դիլիջանի հովանու ներքո գործող Սամսունգի ինովացիոն կամպուսը ստացել է նոր ֆինանսավորում՝ շարունակելու հայ երիտասարդների համար նախատեսված ՏՏ դասընթացները: 14-16 տարեկանների համար նախատեսված անդրոիդ հավելվածների մշակման գործող ծրագրին զուգահեռ նոր ֆինանսավորումով մեկնարկելու է բուհական մակարդակի ուսանողների համար նախատեսված արհեստական բանականություն (ԱԲ) նորարարական դասընթացը:
Հայաստանում ՏՏ կրթական ծրագիրն ընդլայնելու Սամսունգի որոշումը պայմանավորված է ողջ աշխարհում տվյալների գիտության բարձրակարգ մասնագետների աճող պահանջարկով և Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական տնտեսության կայացմանը նպաստելու հանձնառությամբ:
2021թ. մեկնարկած UWC Դիլիջանի Սամսունգի ինովացիոն կամպուս ծրագիրն արդեն ընդունել է 312 սան Դիլիջանից, Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Հայաստանի այլ բնակավայրերից: Հավելվածների ծրագրավորման դասընթացը տևում է 144 ժամ (շաբաթական 4 ժամ)՝ համադրելով տեսական գիտելիքները գործնական փորձի հետ: Որպես ավարտական քննություն՝ ծրագրի մասնակիցներն ինքնուրույն մշակում են հավելվածներ: Հայ շրջանավարտները գերազանց արդյունքներ են գրանցել Սամսունգի ՏՏ դպրոցի միջազգային եզրափակիչ փուլում:
Մեկնարկող ԱԲ դասընթացը նախատեսված է բուհական մակարդակի սաների համար, ովքեր արդեն իսկ հիմնավոր գիտելիք ունեն մաթեմատիկայից, ներառյալ գծային հանրահաշվից, հավանականության տեսությունից և վիճակագրությունից: Սամսունգի մասնագետների մշակած դասընթացը ենթադրում է խորացված ուսուցում մեքենայական ուսուցման (ՄՈՒ) և նեյրոնային ցանցերի (ՆՑ) ոլորտում, համակարգչային տեսողության և բնական լեզվի մշակման (ԲԼՄ) գործնական կիրառություններով:
Մեկամյա ԱԲ դասընթացը նախատեսում է հիբրիդային ուսուցում ընդամենը 350 դասաժամ տևողությամբ, այդ թվում՝ 144 դասաժամ դասարանային պարապմունքներ և 206 դասաժամ ինքնուրույն առցանց պարապմունք Սամսունգի ինովացիոն կամպուսի ուսումնական պորտալի միջոցով: Դասընթացի ավարտին սաները կներկայացնեն ավարտական նախագիծ: Դասընթացը հաջողությամբ ավարտած սաները կստանան Սամսունգի հավաստագիր և հնարավոր է արժանանան ավարտական նախագծերի միջհամալսարանական մրցույթի տարեկան եզրափակիչ փուլի որակավորման:
«Պատիվ ենք համարում և ուրախ ենք երկարաձգել մեր գործընկերությունը UWC Դիլիջանի հետ: Մարդիկ և համընդհանուր բարգավաճումը մեր ընկերության առանցքային արժեքներն են: Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագիրը միջազգային ծածկույթով իրագործելով՝ մենք մեր մասնակցությունն ենք ունենում երիտասարդների կրթությանը՝ նրանց ընձեռելով հնարավորություն դրական սոցիալական փոփոխություններ և զարգացում բերելու իրենց համայնքներում: Վստահ եմ UWC Դիլիջանի հետ շարունակվող հաջողված համագործակցության հարցում և Հայաստանի Սամսունգի ինովացիոն կամպուսի սաների ավարտական նախագծերի բացառիկ որակի հարցում՝ թե՛ հավելվածների ծրագրավորման և թե՛ ԱԲ դասընթացներում», – նշեց Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀ գլխամասային գրասենյակի փոխնախագահ Սերգեյ Պևնևը:
«Ուրախ ենք, որ Սամսունգի հետ մեր գործընկերությունն ընդլայնվել է՝ ներառելով ԱԲ դասընթացը, մի ոլորտ, որն արագ զարգանում է և ներթափանցում կյանքի բոլոր բնագավառներ», – նշեց UWC Դիլիջանի տնօրեն Ադամ Արմանսկին:
Սամսունգի ինովացիոն կամպուս ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանն ավելացրեց. «Սամսունգի ինովացիոն կամպուսի նպատակն է աջակցել Հայաստանի զարգացմանը՝ երիտասարդ սերնդին արժեքավոր տեխնիկական հմտություններով օժտելու միջոցով: Ծրագրի շարունակությունը և ԱԲ դասընթացի ավելացումը ոգևորիչ քայլ են Հայաստանը տարածաշրջանային ՏՏ կենտրոն դարձնելու ճանապարհին»:
Հայաստանում գործող միջազգային դպրոց-պանսիոնի՝ UWC Դիլիջանի և համաշխարհային տեխնոլոգիական առաջատար Սամսունգ Էլեկտրոնիքսի համատեղ նախաձեռնությամբ 2021թ. հիմնադրվել է Սամսունգի ինովացիոն կամպուսը՝ հայ երիտասարդներին գործնական ՏՏ կրթությամբ զորացնելու առաքելությամբ: Սամսունգը կահավորել է ժամանակակից տեխնոլոգիաներով համալրված համակարգչային լաբորատորիա՝ 26 համակարգչային կայանով, սմարթ գրատախտակներով և այլ անհրաժեշտ գործիքներով, որպեսզի խթանի Հայաստանում բարձրորակ ուսուցումը և նորարարությունը: