Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ/UATE) Խորհրդի միաձայն որոշմամբ այսօր՝ 2026 թվականի հունիսի 1-ին, ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդիտա Ղազարյանը, ով նախորդիվ զբաղեցնում էր է ԱՏՁՄ փոխտնօրենի պաշտոնը։
ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը նշել է․
«Էդիտա Ղազարյանը երկար տարիներ եղել է ԱՏՁՄ գործունեության և համայնքային ծրագրերի զարգացման առանցքում, ունի կազմակերպության աշխատանքի խորքային պատկերացում և համայնքի հետ ձևավորված վստահելի հարաբերություններ։ ԱՏՁՄ Խորհուրդը լիարժեք աջակցություն է հայտնում Էդիտա Ղազարյանին և վստահություն հայտնում, որ նրա առաջնորդությամբ կապահովվի կազմակերպության բնականոն և կայուն անցումը դեպի զարգացման նոր շրջան»։
Վերջին չորս տարիների ընթացքում Էդիտա Ղազարյանը եղել է ԱՏՁՄ-ի աճի և զարգացման առանցքում՝ ղեկավարելով համայնքի ընդլայնման, և միջազգային կառույցների հետ ռազմավարական համագործակցության ուղղությունները։
Նա ունի լայնածավալ և բարդ ծրագրերի կառավարման, ինչպես նաև Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախաձեռնությունների իրականացման հարուստ փորձ՝ նախկինում զբաղեցնելով ղեկավար պաշտոններ տեղական և միջազգային կազմակերպություններում։
Վերջին տարիներին նրա անմիջական ներգրավվածությամբ ԱՏՁՄ-ն զգալիորեն ընդլայնել է միությանն անդամակցող կառույցների շրջանակը՝ ներկայում միավորելով շուրջ 300 տեխնոլոգիական ընկերություն։
Էդիտա Ղազարյանը ստացել է միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան Երևանի պետական համալսարանում և քաղաքական գիտությունների ու միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Հայաստանի ամերիկյան համալսարանում։
ԱՏՁՄ Խորհուրդը խորին շնորհակալություն է հայտնում Սարգիս Կարապետյանին, ով միացել էր կազմակերպությանը 2023 թվականին և ղեկավարել կառույցը զարգացման կարևոր փուլում՝ նպաստելով կազմակերպության շարունակական աճին և ազդեցության ընդլայնմանը։
Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան է՝ երկրի խոշորագույն «հայթեք» միավորումը և Հայաստանի հնագույն ու խոշորագույն բիզնես ասոցիացիաներից մեկը։ 2000 թվականին գործարկված կառույցը ներկայում միավորում է շուրջ 300 տեխնոլոգիական ընկերություն։
Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՀՏ ընկերությունների կողմից վճարվող հարկերի շուրջ 70%-ը վճարում են ԱՏՁՄ-ին անդամակցող ընկերությունները։
ԱՏՁՄ-ի ռազմավարական ուղղություններն են տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը՝ ներառյալ քաղաքականությունների մշակումն ու ոլորտի շահերի պաշտպանությունը, հայկական ընկերությունների առաջխաղացումը միջազգային շուկայում, տեխնոլոգիաների ներդրումը և յուրացումը տնտեսության կողմից, ինչպես նաև կրթությունը և մասնագիտական ներուժի զարգացումը։
Տեխնոլոգիական համայնքից դուրս ԱՏՁՄ-ն լայնորեն հայտնի է որպես DigiTec-ի՝ Հայաստանի և տարածաշրջանի խոշորագույն ամենամյա իրադարձության կազմակերպիչ, ինչպես նաև «Արմաթ»-ի՝ ճարտարագիտական կրթության հայկական ազգային ծրագրի օպերատոր։


