DigiTec-ը՝ Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունը, այս տարի կկայանա նոյեմբերի 20-22-ին։
Վերջին երկու տասնամյակների ընթացքում DigiTec-ը մեկ ցուցասրահ զբաղեցնող ցուցահանդեսից վերաճել է տարածաշրջանի ամենաազդեցիկ տեխնոլոգիական հարթակներից մեկի։ Այն դարձել է տեխնոլոգիական առաջնորդների, հիմնադիրների, ներդրողների, քաղաքականություն մշակողների, գիտնականների և նորարարների հանդիպման վայր՝ նպաստելով մեր երկրի տեխնոլոգիական հեռանկարների ձևավորմանը։
2025 թվականի հոբելյանական՝ 20-րդ թողարկումը միավորել է ավելի քան 30,000 այցելու, շուրջ 200 ցուցադրող ընկերություն, 100 միջազգային խոսնակ և մասնակիցներ ավելի քան 30 երկրներից։
DigiTec 2026-ը նպատակ ունի զարգացնել և գերազանցել նախորդ տարվա ձեռքբերումները։
DigiTec 2026-ը տեղի է ունենալու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի համար կարևոր շրջադարձի փուլում։ Հայաստանը արագորեն ձևավորվում է որպես արհեստական բանականության ենթակառուցվածքների տարածաշրջանային կենտրոն։
Այս զարգացումները, համակցվելով Հայաստանի ռազմավարական դիրքի հետ՝ Եվրոպայի, Ծոցի երկրների և Կենտրոնական Ասիայի միջև, երկիրը դարձնում են բնական կամուրջ աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական շուկաների միջև։
Այս տարվա DigiTec-ի բովանդակությունը մեծապես խարսխված է պատմական այս շրջադարձի վրա։ Թեմատիկ ուղղությունները և միջազգային առաջատար խոսնակների ցանկը կհայտարարվեն հաջորդիվ։ Կազմակերպիչները խոստանում են տեխնոլոգիական աշխարհի ամենահեղինակավոր խոսնակների աննախադեպ մասնակցություն։
Բացի կոնֆերանսից և ցուցահանդեսից, DigiTec 2026-ը կներկայացնի բիզնես կապերի ձևավորման ընդլայնված հնարավորություններ։
Առաջին «ԴիջիԹեքն» անցկացվել էր 2005 թվականին։ Այն մտահղացրել և իրագործել էր տեխնոլոգիական համայնքի անվերապահ առաջնորդ, Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ/UATE) երկարամյա տնօրեն, լուսահոգի Կարեն Վարդանյանը։


