Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
5 կարևոր մարքեթինգային ռազմավարություն ստարտափների համար
Guides 22/06/2018 12:26

Ապացուցված փաստ է՝ ցանկացած բիզնեսի հաջողության գաղտնիքը ճիշտ ընտրված մարքեթինգային քաղաքականությունն է: Մարքեթինգը կարևոր է բոլոր ընկերությունների համար, բայց շատ ավելի կարևոր ու առաջնային է ստարտափերի համար: Քանի դեռ մարդիկ չգիտեն Ձեր ստարտափի մասին և տեղյակ չեն՝ ինչով է այն զբաղվում, դժվար թե Ձեզ հաջողվի գրանցել բիզնեսի զգալի հաջողություն:

Ստարտափերի մարքեթինգային ռազմավարությունը տարբերվում է ընդհանուր ընդունված սկզբունքներից ու մոտեցումներից: Բանն այն է, որ ստարտափերը, հիմնականում ստեղծվելով նորարարական գաղափարների շուրջ և գործելով առավել արագ փոփոխվող պայմաններում, ունեն աճի ավելի մեծ «ծարավ», և, հետևապես, առավել քան հետաքրքրված և մտահոգված են արագ արդյունք ապահովող մարքեթինգային ռազմավարություններով:

Ստորև ներկայացնում ենք ստարտափերի համար մարքեթինգային քաղաքականության առավել կարևոր գործիքները, որոնք որպես մեկնարկային կողմնորոշիչներ կօգնեն պատմել աշխարհին Ձեր ստարտափի մասին և կնպաստեն ստարտափի զարգացմանը՝ ներգրավելով նորանոր հաճախորդներ: Այս 5 մարքեթինգային ռազմավարություններից յուրաքանչյուրի առաջնահերթությունը որոշում եք Դուք՝ կախված Ձեր ստարտափի առանձնահատկություններից և բիզնես-նախագծի նպատակներից:

Ուղարկել էլ. նամակներ

Էլ.փոստով մարքեթինգը չի պահանջում որևէ ծախս կամ անգամ եթե պահանջում է, ապա շատ քիչ: Ձեր ստարտափի մասին մարդկանց տեղեկացնելու և հաճախորդներ ներգրավելու տեսանկյունից էլ. նամակներ ուղարկելը համարվում է առանցքային նշանակություն ունեցող ռազմավարություն: Այստեղ կարևոր է հիշել, որ ուղարկվող նամակը չպետք է լինի չափազանց առևտրային ու գովազդային, այլ պետք է պարունակի տեղեկատվական ինֆորմացիա, ինֆոգրաֆիկաներ, վիդեոնյութեր, ստարտափի գործունեության մասին պատմող հետաքրքիր հոդվածներ: Էլ. նամակի միջոցով Ձեր խոսքը ներկա և պոտենցյալ հաճախորդներին պետք է լինի գրավիչ, գեղեցիկ ներկայացված և հետաքրքրաշարժ: Այսօր շատ ստարտափեր կիրառում են հաճախորդների էլ.հասցեները հավաքելու տարբեր միջոցներ, օրինակ՝ եթե Ձեր ստարտափի ծառայությունները նախատեսված են ֆինանսական ընկերությունների համար, կարելի է բանկերի և ոլորտի մյուս ընկերությունների էլ.հասցեների բազան նայել տեղեկատուներում (Հայաստանի դեպքում կարող է լինել ՍՓՅՈՒՌ տեղեկատուն): Ձեր ստարտափի կայքում նորություններին բաժանորդագրությունը ևս կարող եք դիտարկվել որպես տարբերակ: Ինչու ոչ՝ կարելի է հաճախորդներից խնդրել իրենց էլ.հասցեները անմիջական շփման ժամանակ:

Վարել բլոգ

Բլոգինգը հզոր ռազմավարություն է, որն օգնում է ներկա և պոտենցյալ հաճախորդների կամ պարզապես ոլորտով հետաքրքրվող մարդկանց հետ հաղորդակցվել անմիջական ու ընկերական միջավայրում, կիսվել կարծիքներով, պատմել ոլորտի թարմ նորությունների մասին, քննարկել նոր զարգացումները: Հաջող բլոգ վարելու գաղտնիքը շատ պարզ է՝ գրել այն ամեն մասին, ինչը հետաքրքրում է Ձեր բլոգի այցելուներին և դասվում է «արժե կարդալ» նյութերի շարքին: Պետք է մոռանալ «որքան շատ, այնքան լավ» մոտեցման մասին և շարժվել «միայն օգտակար և հետաքրքիր ընթերցման համար» սկզբունքով, որը կօգնի Ձեր բլոգին գրավել նորանոր ընթերցողներ և ունենալ բարձր վարկանիշ, իսկ որպես արդյունք՝ Ձեր կայքն ավելի հաճախ կհայտնվի որոնման արդյունքներում: Բլոգը պահանջում է ժամանակ և քրտնաջան աշխատանք, սակայն ճիշտ բլոգինգի դեպքում

Ձեր ստարտափի մասին իմանում են շատերը, և Ձեր բլոգը դառնում է ոլորտի մասին վստահելի ու թարմ տեղեկատվություն ստանալու աղբյուր: Անկախ փորձագետներն ուսումնասիրել և պարզել են, որ այն բիզնեսները, որոնք վարում են բլոգ, շուրջ 2 անգամ ավելի շատ կայքի այցելուներ են ունենում, քան իրենց մրցակիցները, ովքեր իրենց կայքերում չունեն բլոգ:

Լինել ակտիվ սոցիալական ցանցերում

Սոցիալական ցանցերը կենսական նշանակություն ունեն ցանկացած ընկերության համար: Այսօր անհնար է պատկերացնել որևէ հաջող բիզնես նախագիծ, որը ներկայացված չէ սոցիալական ցանցերում: Ստարտափերի առաջխաղացումը սոցիալական ցանցերում անհրաժեշտ և պարտադիր պայման է: Սոցիալական ցանցերը, մասնավորապես՝ Facebook, Twitter, Pinterest և այլն, կարևոր դերակատարություն ունեն Ձեր ստարտափի տարածման, ճանաչելի դառնալու և ստարտափի մասին կարծիք ձևավորելու հարցում: Հետևապես, պետք է միշտ առաջնորդվել հետաքրքիր, գրավիչ և յուրահատուկ կոնտենտ հրապարակելու սկզբունքով և չմոռանալ ժամանակին արձագանքել մեկնաբանություններին, տալ սպառիչ պատասխաններ բոլոր հարցերին: Նման մոտեցումը օգտատերերին «կստիպի» հետևել Ձեր ստարտափի էջերին սոցիալական ցանցերում և, հետևապես, սոցիալական մեդիայի մարքեթինգի շնորհիվ ձեռք բերել հաճախորդներ և հասնել բիզնեսի հաջողության:

Վճարել որոնման համակարգերում գովազդի համար

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում ստարտափերը սկսել են ակտիվ օգտվել «վճարովի որոնումից»՝ որպես գովազդի տարբերակ: Այն թույլ է տալիս որոնման համակարգերին, մասնավորապես՝ Google-ին վճարել թիրախային թրաֆիկի համար: Այսօր Google AdWords-ը և Bing Ads-ը վճարովի որոնման համակարգերերի երկու գլոբալ առաջատարներն են, և երկուսն էլ աշխատում են «վճարում յուրաքանչյուր քլիքի դիմաց» սկզբունքով ( cost-per-click, CPC): Դուք կարող եք Ձեր ստարտափի համար ստեղծել գովազդ, որը կհայտնվի որոնման արդյունքներում, երբ օգտատերերը որոնում կատարեն Ձեր բիզնեսին առնչվող բանալի բառերով: Պարզ օրինակ, եթե Ձեր ստարտափն առաջարկում է հակավիրուսային ծրագիր բիզնեսի համար, ապա որպես բանալի բառեր Դուք կարող եք օգտագործել այս տարբերակները՝ «հակավիրուսային ծրագիր», «կիբերանվտանգություն», «հակավիրուսային ծրագիր բիզնեսի համար»: CPC սկզբունքի ամենակարևոր առնաձնահատկությունն այն է, որ Դուք վճարում եք միայն այն դեպքում, երբ օգտատերը սեղմում է գովազդի վրա և տեղափոխվում, օրինակ, Ձեր կայք: Այսինքն, հազարավոր մարդիկ կարող են տեսնել Ձեր գովազդը, բայց Դուք վճարում եք միայն քլիքների համար: Իհարկե, որքան հետաքրքիր լինի գովազդն, այնքան ավելի շատ քլիքներ կարող եք հավաքել: Այստեղ կարևոր է մշակել վճարովի գովազդի արդյունավետ ռազմավարություն, որը կարելի է գնահատել ներդրումների վերադարձելիության ցուցանիշով (ROI, return on investments): Գովազդային արդյունավետության համար այս ցուցանիշը հաշվարկվում է հետևյալ բանաձևով. E(ROI) = (Pii – Pi) / I, որտեղ E(ROI)-ն ներդրումների շահութաբերության գործակիցն է, Pii-ն շահույթն է գովազդային արշավից հետո, Pi-ն շահույթն է գովազդային արշավից առաջ, I-ն գովազդային ներդրումներն են:  Եթե E(ROI) ցուցանիշը փոքր է 1-ից, ապա գովազդը բերել է շահույթի նվազման, այսինքն՝ գովազդային ծախսերը անարդյունավետ են եղել: Եթե 0< E(ROI) <1, ապա շահույթը աճել է ավելի քիչ չափով, քան գովազդային ծախսերն են, այսինքն՝ այս դեպքում ևս գովազդը անարդյունավետ է: Եթե E(ROI)>1, ապա գովազդային ծախսերը արդյունավետ են, այսինքն՝ բերում են շահույթի մեծացման:

Հովանավորել որևէ միջոցառում

Տեղական միջոցառումների հովանավորումը կարող է օգնել պատմել Ձեր ստարտափի մասին և դառնալ ճանաչելի: Վերջին ժամանակներս շատ ստարտափեր են համագործակցում միջոցառումների կազմակերպիչների հետ: Համագործակցության ամենապարզ մոդելը ենթադրում է, որ Դուք վճարում եք գումար՝ հովանավոր դառնալու համար, և դրա դիմաց Ձեր ստարտափի լոգոն հայտնվում է միջոցառման բաններների, մարքեթինգային և տեղեկատվական նյութերի վրա: Սա երկկողմանի շահավետ պայմանավորվածություն է, որ խելացի և ճիշտ կազմակերպելու դեպքում կարող է լինել շատ արդյունավետ: Մասնավորապես, պետք է հովանավորել միջոցառումներ, որոնք ինչ-որ կերպ առնչվում են Ձեր ստարտափի գործունեությանը:

Վերը նշված մարքեթինգային ռազմավարությունների ընդհանուր նպատակն է օգնել, որպեսզի Ձեր ստարտափն ունենա առաջխաղացում և գտնի շուկայի իր տեղը, իսկ թե որ մեկին առավելություն տալ՝ Ձեր ընտրությունն է: