Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայ երիտասարդները շատ տաղանդավոր են և սովորելու մեծ ձգտում ունեն. Քրիստոբալ Ալոնսո
News 31/08/2018 13:08

Օգոստոսի 30-ին Երևանում էր Եվրոպայում B2B ստարտափների հետ աշխատող բավականին մեծ փորձ ունեցող Startup Wise Guys աքսելերատորի գործադիր տնօրեն Քրիստոբալ Ալոնսոն։

Նրա այցի նպատակն էր ընտրել B2B SaaS և FinTech ուղղվածություն ունեցող կենսունակ և մեծ ներուժ ունեցող հայկական ստարտափների՝ աքսելերատորի առաջիկա եռամսյա ծրագրերին մասնակցելու համար:

«Հայկական ստարտափների առանձնահատկությունը տեխնիկապես զարգացած լինելու մեջ է։ Հայ երիտասարդները շատ տաղանդավոր են և սովորելու մեծ ձգտում ունեն։ Նման եզրակացության եմ եկել՝ հանդիպումներին նրանց կողմից արված բազմաթիվ հարցադրումների հիման վրա»,- StartHub-ի հետ զրույցում նշեց Քրիստոբալ Ալոնսոն։

Նա մեզ հայտնեց, որ աքսելերատորի առաջիկա եռամսյա ծրագրերին մասնակցելու համար Startup Wise Guys դիմել է մոտ 200 ստարտափ, իսկ Հայաստանից՝ մոտ 40, որից 10-ի հետ հարցազրույցներ կանցկացնի հենց ինքը, մնացածի հետ աշխատում է իր փորձառու թիմը։

Արդյունքերը կհրապարակվեն հաջորդ շաբաթվա սկզբին։

Մենք խնդրեցինք Քրիստոբալ Ալոնսոյին թվարկել այն հիմնական չափանիշները, որոնցով  նա առաջնորդվելու է ընտրություն կատարելիս։

«Առաջինը հստակությունն է։ Ստարտափը պետք է կարողանա հստակ և պարզ ներկայացնել իր պրոդուկտը՝ չխորանալով մանրամասների մեջ։ Երկրորդ՝ կարողանա հստակ ներկայացնել թիրախային հաջախորդներին, այսինքն՝ ու՞մ է պատրաստվում վաճառել իր պրոդուկտը։ Եվ, երրորդ, որը մենք ամենից շատ ենք կարևորում, թիմում եղած դրական մթնոլորտն է»,- նշեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ հայկական ստարտափներն էլ իրենց հերթին շատ են հետաքրքրված այս ծրագրով։ Այդ իսկ պատճառով դիմումների քանակը գերազանցել էր նախատեսվածը։

Մեզ հետ զրույցում «Backtocart» ստարտափի հիմանդիրներ Արտաշես Առաքելյանը և Հայկ Սաֆարյանը նշեցին, որ այս ծրագիրը կօգնի իրենց ընդլայնել ունեցած ցանցը, շփվել ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետների հետ, զարգացնել բիզնեսը և այլն։

StartHub-ը նաև զրուցեց «Currencii» ստարտափի գործադիր տնօրեն Վահագն Գրիգորյանի հետ, ով հասցրել է մասնակցել աքսելերատորի եռամսյա ծրագրին։

Նա մեզ հայտնեց, որ այս ծրագիրը հնարավորություն է տալիս շփվել ոլորտում հայտնի մենթորների հետ, որոնց հետ քննարկումների արդյունքում հենց ինքը կարողացել է շտկել այն ժամանակ դեռևս գաղափարի փուլում ունեցած իր ստարտափի սխալները, իսկ հիմա ունենալ այնպիսի պրոդուկտ, որն առանց որևէ մեկի օգնության ինքն իրեն շատ լավ վաճառում է։

Startup Wise Guys աքսելերատորը 3-ամսյա ինտենսիվ մենթորային ծրագիր է, որի ընթացքում ստարտափները ստանում են 30,000 եվրո կանխիկ ֆինանսավորում, կարողանում են հստակեցնել եղած գաղափարը, հստակ նախանշում են բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ քայլերը, սովորում են ճիշտ ներկայացնել և վաճառել իրենց պրոդուկտը, ստանում են աշխատելու համար հարմարավետ տարածք և շփվում են ոլորտի լավագույն մասնագետների հետ։