Սեպտեմբերի 14-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկեց ուսանողների համար երևի թե ամենասպասված մրցույթը՝ Startup Boost Weekend II-ը։
54-ժամյա այս գերհագեցած միջոցառումը միտված է աջակցելու այն ուսանողներին, ովքեր ունեն գաղափար, սակայն դեռևս պատկերացում չունեն, թե ինչպես են այն զարգացնելու։ Այսինքն՝ այս մրցույթն օգնում է ուսանողներին ճիշտ փաթեթավորել և վաճառել այդ գաղափարը։
«StartHub»-ի հետ զրույցում «Քաթըլիսթ» համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը, ով նաև հանդես է գալու այս տարի մենթորի դերում, նշեց, որ այս ընթացքում սովորեցնելու են ուսանողներին հասկանալու գաղափարն առաջ տանելու մեխանիզմները։ Այդ մեխանիզմներից մեկը, ինչը ամենակարևորն է, պարզել հաճախորդի կարծիքը պրոդուկտի վերաբերյալ։
«Իհարկե շատ բարդ է նախաձեռնել մի բան՝ առանց հաճախորդի նախնական կարծիքն իմանալու։ Ուստի մենք մրցույթի շրջանակներում նախատեսել ենք Customer Development Session-ը, որի շրջանակում արդեն իսկ ձևավորված թիմերը դուրս են գալիս փողոց, պատահական անցորդներին ներկայացնում են իրենց գաղափարը ու պարզում են իրենց գաղափարի կենսունակությունը»,- նշեց մեր զրուցակիցը։
Իսկ թե որո՞նք են այս մրցույթի առավելություններ, փորձեցինք պարզել անցյալ տարվա Startup Boost Weekend-ի հաղթող «Breedge» ստարտափի համահիմնադիր Լիանա Հակոբյանից։ Նա մեզ պատմեց, որ սկզբում այս մրցույթին ներկայացել էր այլ գաղափարով, որը չէր անցել, սակայն վերջինս չի հանձնվել և միացել է այլ թիմի, որն էլ և հաղթել է։ Ուստի նա խորհուրդ է տալիս ուսանողներին անպայման մասնակցել Startup Boost Weekend-ին, որը հնարավորություն է տալիս հաղթել, անգամ եթե սկզբում պարտվում ես։
«Մեզ համար այս մրցույթը շատ կարևոր փուլ էր, քանի որ Breedge-ի գաղափարը ձևավորվել է հենց այստեղ», – հավելեց «Breedge» ստարտափի համահիմնադիրը։
Նշենք նաև, որ ուսանողներին եկել էին ողջունելու և հաջողություն մաղթելու Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի և ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ներկայացուցիչները։
Նշենք, որ այս անգամ մրցույթին մասնակցելու համար Երևան էին ժամանել Գյումրի, Գավառ, Վանաձոր քաղաքներից։
Ուսանողները շատ ոգևորված էին․ բացման հանդիսավոր ելույթների ընթացքում շատերը քննարկում էին իրենց ելույթները, որոշները նույնիսկ գրառում էին կարևոր դրույթները։
Մեզ հետ զրույցում Խաչատուր Մարգարյանն, ով եկել էր Tap Tap կոչվող գաղափարով, ասաց, որ այս մրցույթ է եկել՝ թիմակից գտնելու, նաև գաղափարի կենսունակությունը փորձարկման համար անհրաժեշտ գումարը շահելու համար։
«Քաթըլիսթ» հիմնադրամի արտաքին կապերի և ադմինիստրացիայի ղեկավար Սուսաննա Քեյանը մեզ պատմեց, որ մրցույթը լինելու է հիրավի գերհագեցած։ Ուսանողները այս երեք օրվա ընթացքում հնարավորություն կունենան իրենց գաղափարը քննարկել հայկական ստարտափ էկոհամակարգի փորձառու մենթորների հետ, ունենալ հետաքրքիր դասախոսություններ այս ոլորտում առաջատար մասնագետների կողմից, սովորել գաղափարից անցում կատարել դեպի բիզնես։
Նրա խոսքով, մրցույթին մասնակցելու պարտադիր պայման է, որ բոլոր մասնակիցները լինեն ուսանող, չունենան որևէ հստակ պրոդուկտ, չլինեն գրանցված։ Մրցույթի սկզբում բոլոր մասնակիցների համար կազմակերպվում է դասախոսություն՝ նվիրված գաղափարը գեներացնելուն։ Ապա տրվում է մոտ մեկ ժամ ժամանակ, որի ընթացքում ուսանողները կարող են վիզուալ՝ օգտվելով թղթերից և գունավոր մարկերներից արտադրել գաղափարը։ Ապա յուրաքանչյուրը պետք է մեկ րոպեում կարողանա ներկայացնի իր գաղափարը։ Ինչից հետո կատարվում է ընտրություն․ յուրաքանչյուրին տրվում է կպչուն թուղթ, որի միջոցով վերջինները ընտրում են ամնեից շատ դուր եկած գաղափարը։ Կազմակերպիչները որոշել են այս անգամ ընտրել 14 թիմ։ Իսկ այն բոլոր ուսանողները, որոնց գաղափարը չի անցել, հնարավորություն ունեն միանալու այդ 10 թիմերից որևէ մեկին։ Հաջորդ օրերին այդ թիմերի համար կազմակերպվում են դասախոսություններ, քննարկումներ փորձառու մենթորների հետ, որից հետո ժյուրին ընտրում է լավագուն երեք թիմ։
Առաջին երեք տեղի համար նախատեսված մրցանակները հետևյալն են․
Առաջին տեղ
EPIC – Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոն-ի ծրագրին մասնակցություն, Հետաքրքիր գրքերի փաթեթ, 600 եվրո դրամաշնորհ։
Երկրորդ տեղ
Հետաքրքիր գրքերի փաթեթ, 400 եվրո դրամաշնորհ։
Երրորդ տեղ
Հետաքրքիր գրքերի փաթեթ
«Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է «Startup Boost Weekend 2018»-ը: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ նորարարության համար» նախաձեռնությունների մաս և իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: