Եվրոպական հայտնի Startup Wise Guys աքսելերատորը 2019 թվականի գարնանից իր ծրագիրը մեկնարկում է նաև Լիտվայում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Startup Wise Guys-ի ֆեյսբուքյան էջից։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր աքելերացիոն ծրագրերը Էստոնիայում և Լատվիայում իրականացնելուց բացի 2019 թվականի գարնանից մեկնարկում ենք նաև Լիտվայում»,- գրված է հրապարակման մեջ։
SWG-ն ավելի վաղ հրապարակել էր հանրային մրցույթին մասնակցած երկու հաղթող ընկերությունների անունները։ Երկուսից մեկը «INVEGA» լիտվական ֆինանսական հաստատությունն է։ Ավելի քան 7 մլն եվրո ունեցող ֆոնդի գումարը կուղղվի 4 աքսելերատոր ծրագրերի իրականացման համար։ Բացի այդ, նշված գումարով սկսնակ ստարտափներին կտարամադրվի աջակցություն՝ ներդրումների տեսքով։
Առաջիկա ծրագրերին կկարողանան մասնակցել Լիտվայի և ԱՊՀ երկրների ստարտափներ այնպիսի ոլորտներից, ինչպիսիք են՝ ՏՀՏ-ն, DeepTech-ն, Fintech-ը, CyberTech-ը և Blockchain-ը։
Առաջին ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2019 թվականի ապրիլին: