Վենչուրային SmartGateVC ֆոնդի նախաձեռնությամբ մեկնարկել է նոր «Landed» ծրագիրը։ Այս մասին Hero House-ի մեկամյակին նվիրված միջոցառմանը հայտարարեց ֆոնդի գործընկեր և համահիմնադիր Աշոտ Արզումանյանը։
«Ուրախ ենք հայտնել նոր ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է համաշխարհային տեխնոլոգիաների ոլորտում մեծ փորձ ունեցող հայերին հնարավորություն տալ կապ հաստատել Հայաստանում առկա տեխնոլոգիական համայնքի հետ»,- նշում են ֆոնդում:
«Landed»-ը նախատեսված է բիզնեսի զարգացմանն ուղղված, մարքեթինգի, վաճառքի, պրոդուկտի ղեկավարման, աճի կանխատեսումներ շուկայում (growth hacking), ֆինանսների, ներդրումների և այլ ոլորտներում աշխատող ինժեներների, գիտնականների և մասնագետների համար։ Այն միավորում է անհատներին, տաղանդավոր և փորձ ունեցող մարդկանց՝ հաղթող թիմեր կառուցելու համար։
««Landed»-ը ըստ էության հայրենադարձության ծրագիր է, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստան ներգրավել ՏՏ ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետների։ Ծրագրի շրջանակում նրանք կհրավիրվեն Հայաստան՝ ծանոթանալու համայնքին և շփվելու տաղանդավոր տեղացի մասնագետների հետ»,- StartHub-ի հետ զրույցում նշում է Աշոտ Արզումանյանը։
Այս ծրագրի համար օրինակ է ծառայել GRÜV ստարտափի հիմնադիր, այժմ Blockchain/Tokenomics մենթոր Արմեն Ռոստամյանը, ով մի օր ուղղակի որոշել է թողնել ամեն բան Սիլիկոնյան հովտում և վերադառնալ հայրենիք։
«Հայաստանում հիմա շատ ճիշտ պահ է ՏՏ-ն զարգացնելու համար։ Այստեղ կան չափազանց խելացի և լուսավոր երիտասարադներ, որոնք չունեն ենթադրենք այն փորձը, որը ես եմ կուտակել Սիլիկոնյան հովտում շուրջ 10 տարի։ Եվ այն ինչ ունեմ ես, պետք է փոխանցեմ նրանց»,- պատմում է մեզ Արմեն Ռոստամյանը։
Ինֆոգրաֆիկան՝ վենչուրային SmartGateVC ֆոնդի պաշտոնական էջից։