Հոկտեմբերի 17-ին Beeline Startup Ինկուբատորում կայացավ «Ո՞ւր են գնում տեխնոլոգիաները» թեմայով հանդիպում-քննարկում։
StartHub Offline ձևաչափով քննարկմանը խոսնակները կիսվել են իրենց կարծիքներով տեխնոլոգիաների ոլորտում սպասվող նորամուծությունների, անվտանգության նոր մարտահրավերների, տեխնոլոգիական նորարարությունների հարցում հայկական ներուժի, տեխնոլոգիական աշխարհում արագ կողմնորոշվելու ու անընդմեջ կրթվելու կարևորության մասին։
Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ներկաների ուշադրությունը հրավիրեց երկու կարևոր հանգամանքի վրա։
Առաջինը, իրերի ինտերնետի (Internet of things (IoT)) ի հայտ գալով առաջացել են նոր մարտահրավերներ, որոնք մեր այսօրվա ունեցած բջջային ցանցի համար դարձել են անհաղթահարելի։ Ուստի անհրաժեշտ է մտածել այնպիսի խելացի լուծումների մասին, որոնք կլինեն և՛ մատչելի, և էներգաարդյունավետ։
«Հիմա պետք է մտածել լուծումներ ոչ թե մեր՝ մարդկանց համար, այլ հենց այդ խելացի իրերի։ Այս պահին նույնիսկ ամենալավ հեռախոսը անհրաժեշտ է շաբաթական գոնե մեկ անգամ լիցքավորել։ Այնինչ՝ պետք է մի այնպիսի լուծում գտնել, որ շաբաթներով թողնես այդ խելացի իրը ու չմտածես դրա մասին»,- նշում է Անդրեյ Պյատախինը։
Մյուս կարևոր դրույթը, որը ևս շատ կարևոր է նորագույն տեխնոլոգիաների զարգացման արդյունքում, խելացի քաղաք հասկացությունն է։ Այն ենթադրում է կանոնակարգված ու ավտոմատացված մեխանիզմի աշխատանք՝ առանց մարդու միջամտության: Իսկ դրա համար պետք է այնպիսի բան մտածել, որ ի վիճակի կլինի նշված մեխանիզմի անխոչընդոտ աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ հսկա տերաբայտեր փոխանցել, որպեսզի այդ խելացի քաղաքում շարժվող մարդատար դրոնը չհարվածի ենթադրենք ավտոմատացված մեքենային։ Նման քանակի տեղեկատվության փոխանակման համար անհրաժեշտ գերարագություն ստանալու առաջին քայլը մոտ ապագայում կլինի 5G տեխնոլոգիաների ներդրումը։
Beeline-ի գլխավոր տնօրենն իհարկե ընդգծեց, որ սա ապագայի իր տեսլականն է, բայց այս ամենն արդեն հեռու չէ, և ներկայիս ստարտափները պետք է ուշադրություն դարձնեն այս փաստին ։ Բացի այդ, սա նաև կլինի բավականին եկամտաբեր։