Երևանի պետական պոլիտեխնիկական համալսարանում ամփոփվել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL) և ՀԱՊՀ ուսանողական խորհրդի կազմակերպած «Տեխնոլոգիական շաբաթ 2018» միջոցառումը, որն իրականացվում էր բուհի 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը մասնակցել է տեխնոլոգիական շաբաթի փակման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում ամփոփվել են նաև ստարտափ գաղափարների մրցույթի արդյունքները։
Հակոբ Արշակյանը ողջունել է ուսանողներին և կարևորել «Տեխնոշաբաթ» միջոցառման իրականացումը։ Մեկ շաբաթվա ընթացքում ուսանողները ոչ միայն հնարավորություն են ունեցել մասնակցելու վարպետության դասերի, սեմինարների, հետաքրքիր հանդիպում-քննարկումների, այլև «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ծանոթացել են համալսարանում առկա ենթակառուցվածքներին, այցելել ՀԱՃԼ, Անօդաչու թռչող սարքերի և ՀԱՊՀ-Տաշիր-ՀԷՑ գիտահետազոտական կենտրոններ և Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ։
Հակոբ Արշակյանի խոսքով` նորարարական գաղափարների իրականացման գործում գլխավորը հենց գաղափարն առաջարկող և նորարարական միտքն իրագործելու ուղղությամբ աշխատող երիտասարդներն են։
Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ մրցույթին մասնակցող ուսանողները դժվարություններից չեն նահանջի, և իրենց գաղափարները կվերածեն հաջողակ բիզնեսների` չմոռանալով, որ կարևորն այդ ճանապարհին այն հիմնարար գիտելիքներն են, որ իրենք հնարավորություն ունեն ստանալու բուհում։
Ստարտափ գաղափարների մրցույթում ներկայացված էր 9 թիմ, որոնք նախորդ շաբաթվա ընթացքում ոլորտի կայացած մասնագետների հետ աշխատել էին իրենց բիզնես նախագծերի վրա: 5 րոպեի ընթացքում նրանք ներկայացրին իրենց գաղափարն ու իրականացման պլանը, այնուհետև պատասխանեցին ժյուրիի անդամների հարցերին։
Մրցույթի ամփոփման արդյունքում ընտրվեցին երեք լավագույն թիմերը։ Առաջին տեղը զբաղեցրեց «SFA» թիմը։
Լուսանկարը՝ նախարարության պաշտոնական կայքից