Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) նոյեմբերի 13-ին կայացավ «StartUp-Project» միջազգային երիտասարդական մրցույթը՝ «Էրազմուս+» ծրագրի «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» («HEIFYE») ծրագրի շրջանակներում: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ծրագրի հիմքում ընկած է երիտասարդների ձեռներեցության ինտենսիվացման գաղափարը Արևելյան գործընկերության երկրներում և այդ երկրների ու Եվրոպական միության միջև՝ կիրառելով Արևելյան գործընկերության երկրներում հաջողված բիզնես մոդելների մշակման փորձը:
«StartUp-Project» միջազգային երիտասարդական մրցույթի նպատակն է ձեռնարկատիրական նախաձեռնությունների և ստեղծագործական մտածելակերպի զարգացումը, բիզնես մոդելավորման հմտությունների ընդլայնումը և բիզնես պլանավորումը, ինչպես նաև բիզնես գաղափարների գնահատումը:
Մրցույթին ստացվել է 87 հայտ, մասնակցել են 1-5 հոգուց բաղկացած խմբեր, որոնք 15-35 տարեկան երիտասարդ գործարարներ, ուսանողներ, ասպիրանտներ են, ունեն նորարարական բիզնես գաղափարներ և ցանկություն` իրականացնելու դրանք: Միջազգային ժյուրիի կազմում ներգրավված են Արևելյան գործընկերության երկրների և Եվրամիության գործարար շրջանակների և բիզնես կազմավորումների ներկայացուցիչներ: Նախնական փուլով ընտրված 18 երիտասարդական թիմերը հանդես եկան իրենց բիզնես նախագծերի շնորհանդեսներով:
«Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» նախագիծը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում: Ծրագրի տևողությունը 1 տարի է՝ ընդգրկելով 2018 թվականի մարտից 2019 թվականի մարտ ժամանակահատվածը: Ծրագրի համակարգողն է Սննդի տեխնոլոգիայի և առևտրի Խարկովի պետական համալսարանը (Ուկրաինա), գործընկերներն են՝ Հայաստանի պետական տնտեսագիատական համալսարանը (Հայաստան), Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանը (Վրաստան), Մոլդովայի տեխնիկական համալսարանը (Մոլդովա), Մոլդովայի տնտեսագիտական ուսումնասիրությունների ակադեմիան (Մոլդովա), Տնտեսագիտության և բիզնես վարչարարության Ռիգայի միջազգային դպրոցը (Լատվիա), Սպառողների կոոպերատիվի բելոռուսական տնտեսաարդյունաբերական համալսարանը (Բելոռուսիա):
Լուսանկարը՝ ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից