Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը, «KARDÉS» կազմակերպությունը, ՀԲԸՄ Հայաստանը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) համագործակցում են Հայաստանի դպրոցներում Աշխարհատեղեկատվական համակարգն (ԱՏՀ) որպես կրթական առցանց տեխնոլոգիաների վրա հիմնված նոր ուսումնական մեթոդ ներկայացնելու նպատակի շուրջ: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՀԲԸՄ-ի լրատվական ծառայությունից։
Հայաստանյան դպրոցների ուսուցիչների համար կազմակերպված առաջին սեմինար-դասընթացը տեղի ունեցավ Երևանում նոյեմբերի 14-ին՝ ԱՏՀ-ի միջազգային օրը: Շուրջ 100 մասնակից Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերից և Երևանից մասնակցեցին սեմինարին՝ ծանոթանալով Աշխարհատեղեկատվական համակարգին, տեղանքի վերլուծությանը և ԱՏՀ-ն որպես ուսումնական գործիք կիրառելու կարևորությանը:
Սեմինարը վարեց «KARDÉS» կազմակերպությունը, որը մասնագիտացած է խորհրդատվության, վերապատրաստման, կարողությունների զարգացման բնագավառներում, ինչպես նաև ԱՏՀ-ն դպրոցական ուսումնական ծրագրերում ներառելու հարցերում:
«Կրթության արդիականացումը կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է, որի նպատակն է նորարարական մոտեցումները և գործիքները ներմուծել կրթական համակարգ», – ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Ողջունելով «KARDÉS»-ի, ՀՎՀ-ի և ՀԲԸՄ-ի հետ համագործակցությունը՝ նա կարևորեց ժամանակակից սարքերը և գործիքները աշակերտների զարգացման համար լիարժեք կիրառելու անհրաժեշտությունը:
Տեխնոլոգիական առաջընթացը շոշափելի փոփոխությունների է ենթարկել կրթության մեթոդները: Այսօր կրթության առաջնային նպատակն է՝ զարգացնել աշակերտների հետազոտական և վերլուծական հմտությունները, ինչպես նաև ստացած գիտելիքները գործնական խնդիրների լուծման համար կիրառելու կարողությունը:
«Գեոտեխնոլոգիաները, ինչպես նաև բիոտեխնոլոգիաները և նանոտեխնոլոգիաները, 21-րդ դարի երեք կարևոր ուղղություններն են համարվում: ԱՏՀ-ն հարցումների և որոշակի չափանիշների վրա հիմնված, խնդիրների լուծմանն ուղղված առաջադրանքների ամբողջություն է, որն իր մեջ ներառում է դաշտային աշխատանք և տալիս է մասնագիտական հմտություններ պահանջված ոլորտներում»,-ասաց «KARDÉS»-ի հիմնադիր և տնօրեն Բագրատ Բալաբանյանը:
ԱՏՀ-ի կիրառումը կնպաստի Հայաստանում «STEM/ԳՏՃՄ» (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) կրթության զարգացմանը: Այս համակարգն աշակերտներին կսովորեցնի ինչպես օգտագործել, ստեղծել և տարածել քարտեզներ, հավաքել և ներմուծել տվյալներ, կատարել բազմապիսի վերլուծություններ և աշխատել մեծածավալ տվյալների հետ: Արդյունքում աշակերտները կզարգացնեն իրենց քննադատական և տարածական մտածողությունը:
«ԱՏՀ-ն կրթական, նորարարական գործիք է, որ ՀՎՀ-ն կիրառել է վերջին տարիների ընթացքում: «KARDÉS»-ի հետ միասին մենք կներդնենք մեր փորձը և գիտելիքները՝ օնլայն կրթության առաջադեմ տեխնոլոգիաները հայկական դպրոցներում ներառելու համար»,-ասաց ՀԲԸՄ ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը, ով միջոցառմանը մասնակցում էր Skype-ով:
«KARDÉS»-ը, Կրթության և գիտության նախարարության և ՀՎՀ-ի հետ համագործակցության միջոցով, հայ աշակերտներին կներկայացնի ԱՏՀ-ն և տեղանքի վերլուծության գործիքակազմը՝ տրամադրելով անվճար արտոնագրեր, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ և ուսումնական ծրագրեր:
Միջոցառման ընթացքում Երվանդ Զորյանը և Բագրատ Բալաբանյանը վիրտուալ ստորագրեցին փոխըմբռնման համաձայնագիր՝ վավերացնելով «KARDÉS»-ի և ՀՎՀ-ի համագործակցությունը:
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ)
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հավատարմագրված օնլայն ուսումնական հաստատություն է, որն առաջարկում է հայկական կրթություն նորագույն տեխնոլոգիաների միջոցով: 2009 թվականից ի վեր ՀՎՀ-ի վիրտուալ լսարանները բաց են բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայագիտությամբ, ովքեր հնարավորություն չունեն մասնակցելու ավանդական, դեմ-առ-դեմ իրականացվող հայկական կրթական ծրագրերին` միաժամանակ հարստացնելով արդեն իսկ գործող ուսումնական ծրագրերը: ՀՎՀ-ի առաքելությունն է՝ ստեղծել կրթական վիրտուալ համայնք, որը կխթանի մշակութային կրթությունը և կզարգացնի հաղորդակցային կապերն ամբողջ աշխարհում:
ՀՎՀ-ի գործունեությանը և ծրագրերին ծանոթանալու համար կարելի է այցելել www.avc-agbu.org կայքը:
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) աշխարհի ամենամեծ շահույթ չհետապնդող կազմակերպությունն է, որը կոչված է պահպանելու հայական ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով: ՀԲԸՄ-ն յուրաքանչյուր տարի փոփոխություն է բերում 500,000 մարդու կյանքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: 1906 թ.-ից ի վեր, ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնում իր գերագույն նպատակին, այն է օժանդակել համայն աշխարհի հայերի բարօրությանը:
ՀԲԸՄ Հայաստանի գործունեությանը ծանոթանալու համար կարելի է այցելել www.agbu.am կայքը:
Լուսանկարը՝ ՀԲԸՄ