Նոյեմբերի 27-ին հայտնի են դարձել ԵՄ Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհային ծրագրի (EU4Business STEP2) հաղթողները։
Մրցույթն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության/ԵՄ ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ։
EU4Business STEP2 ծրագրի եզրափակչում իրենց նորարարական գաղափարներն ու ծրագրերը տեղացի և օտարերկրյա փորձագետներից կազմված ժյուրիին ներկայացրել է նախապես ընտրված 29 նորաստեղծ թիմ և կազմակերպություն:
Դրամաշնորհային ծրագրի հաղթող են դարձել հետևյալ թիմերը՝
– ARize Augmented Reality Platform
– Breedge
– Cyber Deceptions and Honeypot Orchestration System
– D’efekt
– EasyDMARC
– Forest Guard
– ForgeFiction
– Cow.Net
– Lift UP
– New luminescent coatings with high brightness and long afterglow
– PinoKIT
– RendChain
– Robin the Robot
– Smartlock
– The Last Daredevil by Cyber Mantis Games
Հաղթող ստարտափները կարժանանան €6 հազ.-ից €15 հազ. արժողությամբ և 6 ամիս տևողությամբ դրամաշնորհի: Յուրաքանչյուր ծրագիր պարտավորվում է համաֆինանսավորել դրամաշնորհի արժողության 15%-ի չափով:
«Այսօրվա հաղթողների շարքում են նախագծեր ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև այլ ոլորտներից, որոնք աշխարհում ամենազարգացած ուղղություններն են ներկայացնում: Սա ազդակ է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք առաջ շարժվում և հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանը երկիր է, որտեղ նորարար ստարտափ գաղափարներ են զարգանում»,- հայտարարել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
«Մեզ համար մեծ առավելություն էր այս ծրագրի շրջանակում աշխատել ստարտափների հետ, և կարծում ենք, որ ՏՏ ոլորտն իսկապես աճել է վերջին տարիների ընթացքում: ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ՏՏ էկոհամակարգի զարգացմանը»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը:
«Հայաստանի շատ երիտասարդ ստարտափ էկոհամակարգը չափազանց դինամիկ է և ամեն անգամ Հայաստան վերադառնալիս տպավորիչ հանդիպումներ եմ ունենում տեղական ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ: Ոլորտը արագ է զարգանում և յուրաքանչյուր տարի նորանոր ընկերություններ են ստեղծվում և սկսում իրենց ուղին դեպի շուկա: Մենք ուրախ ենք մեր լուման ունենալ ոլորտի զարգացման գործում»,- նշել է ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի տնօրեն Կատյա Աննե Կամառեռը:
EU4Business STEP2 ծրագրի նպատակն է խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացումը, խրախուսել համագործակցությունը գիտության և մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջև, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ և աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում:
Մինչ մրցույթների եզրափակիչ փուլը, թիմերի և ընկերությունների համար իրականացվել են կողմնորոշիչ միջոցառումներ, տրամադրվել է մենթորություն միջազգային ու տեղական փորձագետների կողմից:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասին
Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը ընդգրկուն նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում:
Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:
Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային միջավայրը և աջակցել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով ընդգրկուն աճ Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականության գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմանը: Ավելին, ծրագիրը աջակցում է նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։
Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։
Լուսանկարները՝ Անահիտ Լալայանի