Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
«Սպրինտ» քրաուդֆանդինգ ներդրումային ֆոնդն առաջարկում է ֆինանսավորում՝ կարճ ժամանակահատվածում
Organizations 21/01/2019 13:43

Crowdfunding-ը ֆինանսների հայթայթման հարմարավետ հարթակ է, որի միջոցով ստարտափները կարողանում են շատ կարճ ժամանակում ստանալ անհրաժեշտ ներդրումներ՝ իրենց ապրանքը միջազգային շուկա դուրս բերելու համար։

Նմանատիպ արշավ, սակայն, իրականացնելու համար անհրաժեշտ են հսկայական գումարներ, որոնք, անկասկած, ստարտափների հիմնադիրները չեն կարող ունենալ։

Եվ այստեղ օգնության է հասնում Հայաստանում գործող «Սպրինտ» քրաուդֆանդինգ ներդրումային ֆոնդը։

Ֆոնդի ղեկավար Կարեն Վարդանյանը «StartHub»-ին պատմել է իր ղեկավարած կազմակերպության գործունեության մասին։

– Ինչպե՞ս է առաջացել նման ֆոնդ  ունենալու գաղափարը։

– Երկու տարուց ավելի է, ինչ ներգրավված ենք նման արշավներում։ Այդ ընթացքում նկատել ենք, որ շատ ստարտափներ բախվում են նույն խնդրին. չեն կարողանում գրավել արագ ֆինանսավորում՝ արշավային հարթակում պրոդուկտը գովազդելու և վաճառելու համար։ ԱՄՆ-ում կան ֆինանսավորող կազմակերպություններ, սակայն ծավալուն թղթաբանության պատճառով ժամանակատար են։ Այդ է պատճառը, որ մենք որոշեցինք Հայաստանում հիմնել ներդրումային ֆոնդ, որը ստարտափների արշավը հաջող իրականացնելու համար կտրամադրի արագ ֆինանսավորում։

Նշեմ, որ Հայաստանում ֆոնդ բացելը բավական շահավետ է։ Ներդրումային ֆոնդի շահութահարկը կազմում է ընդամենը 0.01 %։

– Որքա՞ն ժամանակ է գործում  Ձեր ներդրումային ֆոնդը։

– Այն գրանցել ենք 2018 թվականի ապրիլին, իսկ ակտիվ գործունեությունը սկսել ենք իրականացնել հուլիսից։ Առաջին ֆինանսավորումը տրամադրել ենք հայկական արմատներով Bristly ատամի խոզանակի արաշավն իրականացնելու համար։ Այս արշավը մեզ համար թեստային էր, ու կարող ենք հիմա ասել, որ այն հաջողեց։ Երբ մենք միացանք արշավին, Bristly-ն ուներ ընդամենը 90,000 դոլարի չափ գումար։ Մեր ներդրումից հետո այն հասավ 450,000-ի՝ Kickstarter հարթակում, իսկ այժմ արդեն իսկ անցել է $1,000,000-ի սահմանագիծը՝ Indiegogo հարթակում։

– Ինչո՞ւ «Սպրինտ»։

– Սպորտում «սպրինտ»-ը վազքի տեսակ է, որը ենթադրում է կարճ տարածությունների արագ հաղթահարում։ Մեր ֆոնդն էլ ստարտափներին կարճ ժամանակատվածում տրամադրում է արագ ֆինանսավորում։

– Որո՞նք են «Սպրինտ» քրաուդֆանդինգ ներդրումային ֆոնդ դիմելու համար անհրաժեշտ քայլերը։

– Մեզ կարող են դիմել մի քանի ճանապարհով։ Առաջինը, մենք ունենք կայք, որտեղ պետք է լրացնել հայտադիմումը։ Երկրորդ, մեզ կարելի է դիմել մեր գործընկերների միջոցով, որոնք են արշավներ կազմակերպող մասնագիտացված գործակալությունները։ Եվ երրորդ, մենք ինքերս ենք գտնում մեզ հետաքրքրքող ստարտափներին՝ արշավային հարթակներում։ Ենթադրենք, մենք նկատում ենք, որ ինչ-որ պրոդուկտ երկար ժամանակ հստակ աճ է գրանցել, բայց մի պահ կորը կտրուկ ընկել է, ապա օգնության ենք հասնում մենք։

Այստեղ կցանկանամ մի կարևոր կետ նշել։ Մենք ֆինանսավորում չենք տրամադրում այն ստարտափներին, որոնք ներկայանում են միայն գաղափարով՝ առանց որևէ պրոդուկտի։ Քանի որ փորձը ցույց է տվել, որ ամենաշատ ձախողումները հենց նման ստարտափների մոտ է լինում, ուստի սա մեր ֆոնդի ներդրողների համար բավական ռիսկային գործարք է։

-Կխնդրեմ պատմել, թե ի՞նչ  ներդրողներ են ներգրավված ձեր ֆոնդում։

– Ասեմ, որ մենք բաց ենք աշխարհում ցանկացած ներդրումների համար։ Ներկայումս ունենք թե՛ հայ, թե՛օտարեկրյա ներդրողներ։

Մեր ներդրողներն այն մարդիկ են, որոնք ներդրման համար ունեն ազատ միջոցներ և ցանկանում են կատարել ներդրում մի բանում, որտեղ չի նախատեսվում իերնց ակտիվ մասնակցությունը։ Այսինքն՝ հնարավորինս քիչ ներգրավված լինեն գործընթացներին, սակայն միևնույն ժամանակ իրենց գումարն աշխատի։

Ինչպես նաև ներդրողներ, ովքեր ցանկանում են մասնակից լինել ստարտափներում ներդրումներին և ուզում են դիվերսիֆիկացնել իրենց ներդրումները այս ոլորտում:

Ունենք երեք դասի ներդրողներ՝ ա, բ, գ։ Այս տարանջատումն արված է՝ հաշվի առնելով ներդրվող գումարի չափը և ներդրողի իրավունքերը։

Ա դասի ներդրողներն են նրանք, որոնք արել են 250,000 և ավել դոլարի ներդրում։ Նրանք իրավունք ունեն կանխիկացնել շահույթը ամեն տարի, նաև վետոյի  իրավունք։ Ենթադրենք, մենք որոշել ենք ֆինասավորել մի արշավ, որը մեր ներդրողը համարում է ռիսկային։ Որեմն մենք այդ նախագիծը պետք է ստիպված մերժենք։

Բ դասի ներդրողներն են նրանք, որոնք արել են 100-250,000 դոլար չափով ներդրում։ Նրանք իրավունք ունեն կանխիկացնել շահույթը երկրորդ տարվա վերջից սկսած։

Գ դասի՝ 10,000 մինչև 100,000 դոլարից ներդրում։ Այս ներդրողները շահույթը կարող են կանխիկացնել 5 տարի հետո, իսկ մինչ այդ այն կուտակվում է։

Ասեմ, որ ֆոնդը գործելու է հինգ տարի ժամկետով։

– Որո՞նք են Ձեր ֆոնդի առավելությունները։

– Իհարկե, ստարտափներն ինքնուրույն կարող են գտնել ներդրումները ու շատերը գտնում են։ Ուղղակի այստեղ կենտրոնացման հարց է առաջանում։ Ստարտափները կամ պետք է ամբողջ էներգիան ծախսեն գումար գտնելու գործում, կամ իրենց պրոդուկտը վաճառեն։ Իսկ մենք համագործակցում ենք արշավներ կազմակերպող լավագույն գործակալությունների հետ, ուստի մեր գումարներն ուղղում են իրենց, որտեղ մասնագետներն օգնում են արշավ իրականացնող ստարտափներին գումարի ճիշտ բաշխում իրականացնել։ Շատ դեպքերում նման գործակալություններ ուղղակի մերժում են ստարտափներին ։ Իսկ մեզ՝ ոչ։ Այսինքն՝ մենք ուղղակի գումար չենք տրամադրում, մենք տալիս ենք արդյունքի հասնելու, կամ այն առավելագույնին հասցնելու հնարավորություն՝ աշխարհում ընդունված եզակի մոդելի շնորհիվ: Եռակողմ հարաբերությունը, որ ստեղծվում է ստարտափի, քրաուդֆանդինգային գործակալության և ֆոնդի միջև, հանդիսանում է հաջողության գրավականը:

– Որքա՞ն է ներդվող գումարի սահմանաչափը։ Եվ ի՞նչ պայմաններով է հատկացվում այն։

– Մեկ արշավի ֆինանսավորման սահմանաչափը տարեկան նախնական կազմում է 100,000 դոլար։

Մեր կողմից տրամադրվող գումարը հանդիսանում է պարտքային ֆինանսավորում, որին գումարվում են վճարներ։ Եթե արշավին միացել ենք ընթացքում, ապա վճարը ամսական 5 % է կազմում, եթե սկզբից՝ 8%։

– Հայաստանում ինչպիսի՞ն է արշավների նկատմամբ վերաբերմունքը ։

– Դրամահավաքային արշավ կազմակերպելու մշակույթը «Volterman»-ից սկսած լայն տարածում ստացավ։ Այդ պահից սկսած Հայաստանում հետաքրքրությունը կտրուկ աճեց։ Ուղղակի մեր ստարտափները հիմնականում կենտրոնացած են ծրագրեր ստեղծելու վրա։ Իսկ արշավային հարթակներում նախապատվությունը տրվում է ավելի շոշափելի արտադրանքներին։

– Ի՞նչ նորություններ ունի  «Սպրինտ»-ը։

– Մոտ 250 մլն դոլարի չափ կապիտալ ունեցող իտալական «Մետագրուպ» վենչուրային ֆոնդը հետաքրքրված է Հայաստանում հնարավոր ֆոնդ ունենալու մեջ։ Մեր ֆոնդի և Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի /BANA/ համատեղ հանդիպումների արդյունքում նրանց ներկայացուցիչները տեղեկացան, որ Հայաստանում ֆոնդ ունենալու համար շատ բարենպաստ պայմաններ են։ Վերևում նշել էի, որ շահութահարկը չնչին է։ Ուստի այս տարի միգուցե նրանց հետ քննարկվի այստեղ ֆոնդ կամ այլ ընկերություն բացելու հարցը։

Հենց Սպրինտի հետ կապված, 2018թ-ն ամփոփելով, կարող եմ նշել, որ մեր կողմից ֆինանսավորած 8 արշավ արդեն իսկ հավաքել է մոտ 3.5 մլն դոլար և մեր ֆոնդի հանդեպ հետաքրքրությունը գնալով աճում է. արդեն իսկ համագործակցում ենք աշխարհի խոշորագույն գործակալություններից 8-ի հետ:

-Որպես ներդրող՝ ի՞նչ սխալներ եք նկատել հայկական ստարտափների ելույթների ժամանակ։

– Շփվելով ստարտափների հետ՝ նկատել եմ մի քանի բացեր, որոնք դեռ շտկելու կարիք կա։ Ներկայանալի չլինելու պատճառով նրանք ցանկալի ֆինանսավորում հաճախ չեն ստանում։ Ստեղծել են ապրանք ու չգիտեն՝ ինչպես այն վաճառել։ Հաճախակի ժյուրիի անդամները հենց այդ հարցն են տալիս ստարտափների հիմնադիրներին, ինչին վերջիններս պատասխան չունեն։ Ներկայացնում են բյուջե, որտեղ ծախսերի 85% նախատեսում են աշխատավարձների համար, իսկ մնացած 15-ը՝ շուկաներ ներգրավելու համար։ Այնինչ, պետք է լիներ հակառակը:

Երբ նայում ես մեծ ընկերություններին, ապա տեսնում ես, որ վերջիններս մինչև վերջնական ձևավորումն  արդեն հասցրել են վաճառել պրոդուկտը։ Իսկ մենք ստեղծում ենք, հետո նոր հասկանում, որ շուկայում պահանջարկ չկա։ Այդ իսկ պատճառով ստարտափներում պետք է լինեն բիզնեսից և վաճառքից տեղյակ մարդիկ։

Նաև նկատել եմ, որ ստարտափները չեն ներկայացնում sensitivity analysis (զգայունության վերլուծություն-խմբ.) կոչվածը։ Երբ տեղափոխվում ենք ֆինանսական դաշտ, ներդրողները մեծ ուշադրություն են դարձնում հենց կորուստների սահմանին։ Իհարկե, դուք կարող եք ունենալ շատ լավ թիմ և գաղափար, սակայն ներդրման համար կարևոր է ներկայացնել հենց ռիսկերի վերլուծությունը։ Ներդրողն այդպես պատկերացում է կազմում այն մասին, թե որքանով եք դուք տեղյակ ձեր պրոդուկտի մասին։ Ենթադրենք, պատրաստ եք արդյոք առաջարկել այլ տարբերակներ, երբ նախնականը չաշխատի։

Լուսանկարները տրամադրել է Կարեն Վարդանյանը

Անահիտ Լալայան