«Y Combinator» վենչուրային ֆոնդը, որը ՏՏ ոլորտում աշխատող փոքր ընկերությունների համար գործում է բիզնես ինկուբատորի ձևաչափով, հիմնվել է 2005 թվականի ձմռանը՝ մի խումբ ներդրողների կողմից։
Համահիմնադիրներից մեկը՝ Փոլ Գրեմը (Paul Graham-խմբ.), աշխատելով մեծ թվով ստարտափների հիմնադիրների հետ, գրի է առել այն մտքերն ու խորհուրդները, որոնք երիտասարդ ձեռնարկատերերին կօգնեն ճիշտ ներդրումներ ներգրավելու հարցում։
Հոդվածներից մեկը նա նվիրել է ֆինանսավորում ներգրավելու թեմային, որտեղ անդրադարձել է ներդրումային փուլերին, ներդրողներին և անփորձ հիմնադիրների սխալներին։
«StartHub»-ը կներկայացնի այդ աշխատանքից որոշ կարևոր հատվածներ։
Մաս II. Ճիշտ պահին՝ շահավետ ներդրում
Ձգտեք ներդրում ստանալ միայն այն ժամանակ, երբ ձեր ստարտափն իսկապես ունի դրա կարիքը։ Կամ էլ, երբ ներդրումները հասանելի են։
Ընդունված պրակտիկա է, երբ հաջողակ ստարտափների մեծ մասը փորձում է բոլոր ճանապարհներով ներգրավել արտաքին ֆինանսավորում։ Այդ է պատճառը, որ շատերին թվում է, թե ստարտափ լինելը նշանակում է միայն ներդրումներ ներգրավել։ Այնինչ, ստարտափին բնորոշում է միայն արագ աճը։ Իհարկե, լրացուցիչ ֆինանսական միջոցները կարող են արագացնել եղած աճը, բայց դրանք չեն կարող որոշիչ լինել։
Հաշվի առնելով այս ամենը՝ ստարտափի հիմնադիրը պետք է հստակ հասկանա՝ նրա ստարտափի համար այդ պահին անհրաժեշտ է արտաքին ֆինանսավորում, թե ոչ։ Եթե այդ միջոցները այդ պահին չեն կարող խթանել կամ արագացնել աճ, ապա պետք չէ ժամանակ ծախսել ֆինանսավորում ներգրավելով։ Բացի այդ, եթե ներդրողներին համոզելու համար չունեք բավականաչափ փաստարկներ, ապա հետաձգեք ներդրում ներգրավելու փորձը, երբ դրանք ի հայտ գան։
Ստարտափն ինքնին բավական մեծ ժամանակ ու ուշադրություն է պահանջում։ Ուստի հիմնադիրները պետք է նվիրեն ամբողջ ժամանակը և ուշադրությունը պրոդուկտին։
Հիշեք, ներդրողները միշտ կփորձեն ձեզ ներքաշել հնարավոր բանակցությունների մեջ։ Նրանք պարբերաբար ձեզ կդիմեն՝ առաջարկելով հանդիպումներ։ Սովորեք մերժել, երբ ներդրման կարիք չունեք։
Անգամ եթե ձեզ գրում է գործընկեր, փորձեք հետաձգել հանդիպումը մինչև այն պահը, երբ իսկապես ներդման կարիք ունենաք։
Շարունակելի