33-ամյա «Y Combinator» աքսելերատորի նախագահ Սեմ Ալթմանը գրել է «Startup Playbook» գիրք-ուղեցույցը, որում հավաքագրել է բոլոր այն հարցերը, որոնց ուշադրություն պետք է դարձնի յուրաքանչյուր ստարտափ՝ իրենց աքսելերատոր դիմելուց առաջ։
Մենք արդեն անդրադարձել ենք գաղափարի, թիմի, պրոդուկտի և արտադրանքի իրացման վերաբերյալ վերջինիս դիտարկումներին։ Այս մասում կներկայացնենք ստարտափների հետ աշխատելու բավականին մեծ փորձ ունեցող Սեմ Ալթմանի՝ ապրանքի իրանցմանն ուղղված ռազմավարական քայլերի հետ կապված որոշ կարևորագույն դիտարկումները։
Մաս հինգերորդ. կենտրոնացում և ինտենսիվություն
Եթե ստիպված լինեի գրածս խորհուրդները կրճատել մինչև երկու բառ, ապա ես կթողնեի կենտրոնացում և ինտենսիվություն բառերը։ Այս երկուսի համադրությունը միշտ եղել է հաջողած ստարտափների լավագույն գրավականը։ Քանի որ այդ ընկերությունների հիմնադիրներն ի սկզբանե հասկացել են, որ պետք է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել պրոդուկտի վրա։ Անհնար է միանգամից մի քանի բան անել ու հաջողել։ Շատ ստարտափների, որոնց ես գիտեմ, ձախողման պատճառներից մեկը հենց դա է եղել։
Եթե դուք ստարտափ եք հիմնել, թույլ մի տվեք անցնել երկրորդ քայլին, եթե առաջինում դեռ անելիքներ ունեք։ Առաջինում պետք է ամեն բան հասցնեք իդեալականի, նոր միայն մտածեք երկրորդ քայլի մասին։
Ձեզ համար կազմեք առաջնահերթ քայլերի ցուցակ։ Օրինակ՝ ես միշտ ինձ մոտ պահում եմ թուղթ ու գրիչ ու նշում եմ այն երեք կետերը, որոնք ինձ համար կարևոր են, ապա՝ ոչ այդքան կարևոր 30 կետ։ Նաև, գրի եմ առնում այն քայլերը, որոնց պետք է հետևեմ տարվա կտրվածքով։
Բացի կենտրոնացումից, դուք պետք է նաև ուշադրություն դարձնեք ինտենսիվության վրա։ Իհարկե, շատ բարդ է կենտրոնանալու հետ մեկտեղ արագ շարժվել առաջ, սակայն շուկային չեն հետաքրքրում ձեր դժվարությունները։
Պետք չէ նաև տարվել կարճաժամկետ հաջողություններով։ Շատ եմ հանդիպել հիմնադիրների, ովքեր փոքր հաջողությունից սկսում են մտածել ոչ թե ստարտափի, այլ՝ իրենց սեփական անձի բրենդավորման մասին։ Շատերը մասնակցում են բոլոր պանելային քննարկումներին, շոուներին և այլն։ Հաջողում են սակայն այն հիմնադիրները, ում կարճաժամկետ հաջողությունը չի կուրացնում։ Նրանք էլ ավելի ինտենսիվ են սկսում աշխատել պրոդուկտի վրա։
Եթե դուք ունակ եք կենտրոնանալ և դինամիկ եք, ուրեմն երկարաժամկետ հեռանկարում միանշանակ կհաջողեք։
Շարունակելի