Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Վայոց Ձորի մարզում կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր
News 01/02/2019 10:44

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Վայոց Ձորի մարզպետարանը և ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղն այսօր եռակողմ հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Վայոց Ձորի մարզում կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր:

Ծրագրի նպատակն է նպաստել Վայոց Ձորի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը, աջակցել ոլորտում աշխատող երիտասարդների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Հայ Օգնության Ֆոնդի կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակում կանցկացվեն 8 ամիս տևողությամբ դասընթացներ երկու ուղղություններով՝ մոբայլ ծրագրավորում (C, C++, Swift, iOS, OOP Design Patterns) և վեբ ծրագրավորում (HTML/CSS, Core JS, jQuery, Node.js, MongoDB, Angular JS, React JS):

Դասընթացը կմեկնարկի մարտի 1-ին: Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 25-ն է (ներառյալ): Հարկավոր է գրանցվել հետևյալ հղումով:

Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:

Բոլոր խմբերի համար մասնակցությունը անգլերեն լեզու, ալգորիթմների տեսություն և դիսկրետ մաթեմատիկա դասընթացներին պարտադիր է:

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան անցնել երկամսյա պրակտիկա, ամրապնդել իրենց տեսական և գործնական գիտելիքները և արդեն իսկ ծանոթանալ աշխատաշուկայի հետ։

Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:

«Մարզերի զարգացումը չափազանց կարևոր ռազմավարական քայլ է, որը բխում է մեր պետության շահերից: Նման ծրագրերը հնարավորություն են տալիս մարզաբնակ երիտասարդությանն իրենց ապագան պատկերացնել հայրենի մարզում և հնարավորինս նպաստել դրա զարգացմանը: Տեխնոլոգիաները չեն ճանաչում աշխարհագրություն և դրանց տարածումը կարող է էապես նպաստել մարզերի համաչափ զարգացմանը՝ լուծելով նաև մարզերի բնակիչների զբաղվածության հարցը»,- նշել է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

«Եղեգնաձորը Գավառից հետո արդեն երկրորդ քաղաքն է, որտեղ մարտի 1-ից կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր: Մենք վստահ ենք, որ Վայոց Ձորի երիտասարդության համար սա լիարժեք հնարավորություն է՝ տեխնոլոգիական կրթություն ստանալու և մարզը արագ տեմպերով զարգացնելու առումով»,- հավելել  է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը: