Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
FoldInk. bioprinting-ի օգնությամբ կենդանի հյուսվածքներ աճեցնելու մեթոդ
Startups 28/03/2019 17:39

Էմմանուել Ղանդիլյանը, Վահան Գրիգորյանը, Համլետ Խաչատրյանը և Հրակ Գևորգյանը Երևանի պետական բժշկական համալսարանից են։ Նրանք արդեն ունեն իրենց սեփական ստարտափը՝ FoldInk-ը, որը հնարավորություն է տալիս կենդանի հյուսվածքներ աճեցնել bioprinting-ի օգնությամբ։

StartHub-ը զրուցել է թիմի անդամների հետ, որպեսզի պարզի ստարտափի բոլոր հետաքրքրիր մանրամասները։

– Ինչպե՞ս եք ծանոթացել իրար։

Սկսել ենք ուղիղ 1 տարի առաջ։ Բժշկական համալսարանում “Գիտության Շաբաթ” միջոցառումն էր անցնում, որը ինձ շատ ոգեշնչեց նոր գործունեություն սկսելու, ինչ-որ ստարտափ, գիտական գաղափար ունենալու։ Սկզբից երկու հոգով էինք, ապա ծանոթացանք Համլետի հետ։ Նա էնտուզիազմ բերեց մեր թիմ։

Կենդանի հյուսվածքներ ստանալու համար ամենակարևոր մասն է կազմում բջիջների աճեցումը։ Եվ բախտի բերմամբ մենք ծանոթացանք Վահանի հետ։ Սկսեցինք միասին աշխատել և մասնակցեցինք Beeline Startup Incubator-ին։

– Ի՞նչ է իրենից ներկայացնում ստարտափը։

Մենք ուզում ենք ստեղծել կենդանի հյուսվածքներ։ Ամբողջ աշխարհում դա հայտնի է 3D Bioprinitng անվամբ։ Այդ ուղղությունը, աշխարհում ամենաթրենդայիններից է։ Եվ բիոտեխնոլոգիաների հետ կապված ստարտափներում գրավում է առաջին տեղը։ Ունենալով մեր աչքի առջև արտասահմանյան ստարտափների օրինակները, ոգեշնչվելով նրանց հաջողություններից, մենք փորձում ենք նույնպես առաջ գնալ։

– Ինչպե՞ս եք սկսել աշխատել ստարտափի վրա։

Երկար աշխատանքից հետո մասնակցեցինք Sevan Startup Summit-ին, որը մեր առաջին փորձն էր ներկայանալու որպես ստարտափ։ Ամենակարևոր ձեռքբերումն էր այնտեղ, որ իմացանք Beeline Startup Incubator-ի մասին։

Այն բոլորը բացերը, որ դեռ ունեինք, օրինակ բիզնեսի հետ կապված գիտելիքները, դրանք բոլորը Incubator-ին մասնակցելու ընթացքում լրացվեցին, այդ ժամանակ ստացանք մեծ քանակով խորհրդատվություն, մասնակցեցինք բիզնեսի, մարքեթինգի հետ կապված սեմինարների։ Նաև այդ ընթացքում մեզ տարածք էին տրամադրել, որից մենք կարողանում էինք առանց որևէ սահմանափակում օգտվել։

– Ինչպե՞ս է աշխատում Bioprinting-ը։

Սովորական 3D printer-ները որպես թանակ օգտագործում են պլաստիկը։ Իսկ bioprinter-ները օգտագործում են պլաստիկի տեղը ժելեյին նման նյութ։ Դա կոչվում է հիդրոգել։ Դա բիոմատերիալ է, որը մեր օրգանիզմ ներմուծվելուց, չի ընկալվում որպես օտարածին մարմին։ Օրգանիզմը նրան ընդունում է, որպես իներտ մասնիկ։ Նաև այն օգնում է նրա մեջ գտնվող բջիջներին ապրել և հենարան է դառնում նրանց համար։ Cartridge-ի մեջ այն հեղուկ վիճակում է, իսկ տպագրության ընթացքում արդեն պնդանում է, դառնում է գել, որը շատ նման է մեր հյուսվածքներին։ Դրա համար մենք կարող ենք օգտագործել ուլտրամանուշակագույն ճառագայթում կամ որոշակի քիմիական էլեմենտներ, որոնց ազդեցության տակ ստանում ենք հատուկ ֆորմայով նյութ, որում բջիջները կարողանում են իրենց կենսագործունեությունը ապահովեն։ Բջիջները իրենց հերթին աճեցվում են հատուկ անոթների մեջ։

– Ինչի՞ համար այն կարող է օգտագործվել։

2 հիմնական ուղղություն կարող ենք մատնանշել։

Առաջինը այն է, որ ապագայում դա կարելի է օգտագործել բժշկության մեջ։ Օրինակ, եթե մարդու աճառը կամ մաշկը վնասված է, սա ավելի արագ, ավելի արդյունավետ միջոց է դրանք վերականգնելու։ Իհարկե, ամբողջ աշխարհում սա դեռ հետազոտությունների փուլում է գտնվում, բայց այս մեթոդը շատ մեծ պերսպեկտիվա ունի։

Երբ անում են օրգանների տրանսպալանտացիա, որոնք վերցված են դոնորներից, հանդիպում են դեպքեր, երբ օտարում է լինում։ Իսկ երբ օգտագործում ես լաբորատորիայում աճեցված և bioprinting-ի կողմից ստացված արդյունքը, այդպիսի խնդիր չի լինում։ Քանի որ այդ բջիջները կարելի է ստանալ հենց նույն մարդուց։  

Երկրորդը կայանում է նրա մեջ, որ կարող ենք այս տեխնոլոգիան գիտափորձերում օգտագործել կենդանիների փոխարեն։ Ոչ բոլոր գիտափորձերում, բայց նրանց մեծ մասում կարելի է կենդանիներին զոհաբերելու տեղը, փորձարկումը անել հենց կենդանի հյուսվածքների վրա։

– Ի՞նչ դժվարություններ եք ունեցել և ունեք մինչև հիմա։

Ճանապարհին շատ անկումներ են եղել, շատերը թերահավատորեն էին վերաբերվում մեր գաղափարին, բայց մինչև հիմա մենք այստեղ ենք, զարգանում ենք, դիմում ենք տարբեր ծրագրերի։ Բոլոր նրանք, ովքեր չեն հավատացել մեր ուժերին, մեզ ավելի են մոտիվացրել։

Այն ժամանակ, երբ փորձում էինք մշակել գաղափարը, հասկացանք, որ պետք է ֆինանսական աջակցություն, որ առաջ գնանք, գիտական մասը գոնե սկսենք։

3d Bioprinitng-ը բավականին թանկ հաճույք է, հատկապես Հայաստանի նման երկրի համար։ Մենք ուզում ենք այն ավելի հասանելի դարձնել գիտնականներին, գիտությանը, բժշկությանը։ Դրա համար պետք է ֆինանսապես ձեռնտու եղանակ, որը կպահպանի որակը և միաժամանակ հասանելի լինի տեղի և նմանատիպ երկրների շուկաների համար։

Այդպես որոշեցինք օգտագործել հասարակ պրինտերները, ձևափոխել նրանց, ստանալ bioprinter-ներ և արդեն ներկայացնել շուկային։

– Ինչո՞վ եք զբաղվում և ի՞նչ պլաններ ունեք։

Հիմա փորձեր ենք անում կենդանիներից և կամավորներից ստացած բջիջներով։ Ունենք նմուշներ և փորձում ենք կատարելագործել։

Այս ընթացքում մասնակցել ենք “Ձեռնարկատիրական Գաղափարների Դարփնոց” նախագծին, որտեղ ևս ներկայացրել ենք մեր պրոեկտը։

Մարդկանց հետաքրքրությունը մեր ստարտափին շատ մեծ է, շատը գուցե և այն պատճառով, որ տեխնոլոգիական կողմից այն նոր է Հայաստանում։ Մենք արդեն փորձում ենք համագործակցել տարբեր տեխնոլոգիական ընկերությունների հետ։

Մեր ապագա պլանը այն է, որ ստանանք վերջնական, օգտագործելուն ենթակա տեխնոլոգիա, ստանանք վերջնական հյուսվածքը, որը կկարողանանք ցուցադրել և ասել “այո, մենք դա արել ենք”։ Ունենանք հստակ մեթոդ և մարդկանց այն առաջարկենք։ Մեր նպատակն է որպես ստարտափ տեխնոլոգիան հանել շուկա, տալ այն բոլոր կազմակերպություններին, գիտնականներին։ Եվ դա անել ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։