Վանաձորում մայիսի 18-19-ը տեղի կունենա «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» խորագրով երկրորդ հեքըթոնը։
Միջոցառման նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը հյուսիսային շրջաններում, առավելապես խթանելով թվային և տեխնոլոգիական նորարարությունները, քանի որ թվային տնտեսությունը և զբոսաշրջությունը ՀՀ Կառավարության կողմից դիտարկվում են որպես տնտեսության առաջնային ճյուղեր:
Ժյուրիի կողմից կխրախուսվեն հետևյալ ոլորտներին վերաբերվող նորարար գաղափարները.
– Հայաստանում տուրիզմի մասին իրազեկման տեխնոլոգիական լուծումներ
– Տեղեկատվության որոնման բարելավում
– Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական լուծումների մշակում՝ ուղղված զբոսաշրջության ոլորտի զարգացմանը
Թվային և տեխնոլոգիական մոտեցումները և լուծումները կարող են առնչվել թեմաների լայն շրջանակի, որոնցից են այցելուների կառավարում, բնական և մշակութային տեսարժան վայրերի կառավարում (ներառյալ թանգարանները), բացօթյա և արկածային սպորտաձևեր, անդրսահմանային համագործակցություն, բաց տվյալներ, էլեկտրոնային ուսուցման ծրագրեր այցելուների և մասնագետների համար, հավելվածներ, հարթակներ, ամրագրման համակարգեր, ինչպես նաև թվային փորձառություններ , ինչպես նաև տեխնոլոգիաների վրա հիմնված ֆիզիկական զբոսաշրջության հարակից արտադրանքներ։
Կազմակերպիչները կընդունեն այն հայտերը, որոնք կունենան իրականացման հստակ ծրագիր և բյուջեն չի գերազանցի 15,000,000 ՀՀ դրամը։ Մեկ թիմում անդամների առավելագույն քանակը 4 է:
Մրցույթի հաղթողների համար սահմանվում են 2.000.000 ՀՀ դրամ, 1.200.000 ՀՀ դրամ և 750.000 ՀՀ դրամ մրցանակներ:
Նշված մրցանակները կտրամադրվեն ԵՄ-ն բիզնեսների համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի կողմից առաջարկվող լուծումների հետագա զարգացման համար մասնագիտական ծառայությունների տեսքով. մարքեթինգային ծախսեր, բիզնես խորհրդատվություն, թարգմանչական ծառայություններ կամ ուսումնական այց դեպի Եվրոպա:
1․000․000 ՀՀ դրամ մրցանակ կտրվի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից լավագույն տեխնոլոգիական լուծման համար։
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (UNDP) կֆինանսավորի մեկ ծրագրի իրականացում, եթե այն համապատասխանի UNDP-ի չափանիշներին՝ լինի նորարական, կայուն և իրագործելի։
Հաղթող թիմերը մրցանակները ստանալու համար պետք է գրանցված լինեն որպես իրավաբանական անձ և մեկ շաբաթվա ընթացքում հանդիպեն կազմակերպիչների հետ, որպեսզի քննարկեն և ընդունեն որոշումներ ընթացիկ հարցերի վերաբերյալ։ Մրցանակները կտրվեն մեկ ամսվա ընթացքում։
Երևանի, Գյումրիի, Ստեփանավանի և Ալավերդիի թիմերի համար կտրամադրվի տրանսպորտ դեպի Վանաձոր և ետ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 5-ը։ Մասնակցության համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
Հեքըթոնը անցկացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Լոռու մարզպետարանի հետ, համագործակցելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի հետ։
Մրցույթի իրականացմանն աջակցում է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: