Ապրիլի 14-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (GTC) Յունիսեֆի «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Ծրագրերի նախագծում» թեմայով դասընթաց: Այդ մասին Starthub-ը տեղեկացել է YIC Gyumri-ի ֆեյսբուքյան էջից։
Դասընթացին մասնակցում էին 46 պատանիներ Շիրակի և Լոռու մարզերից։
Համայնքային երիտասարդական ծրագրային գաղափարների մրցույթի երկրորդ փուլ անցած 10 թիմերը վիճակահանության միջոցով ընտրեցին իրենց մենթորներին, որոնց աջակցությամբ մինչև մայիսի 5-ն աշխատելու են ծրագրային գաղափարների վրա՝ սահմանելով և հստակեցնելով նպատակները, խնդիրները, գործողությունները, պատասխանատուներին, առկա ու պահանջվող ռեսուրսները։
Մայիսի 5-ին և 6-ին Գյումրիում կայանալիք ծրագրերի ընտրության վերջնական փուլի ժամանակ կներկայացվեն 10 ծրագրային գաղափարները, որոնցից ամենաշատ միավորներ հավաքած 5 ծրագրերը կստանան ֆինանսական աջակցություն։
Հիշեցնենք, որ «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման պիլոտային» ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: