Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (NPUA) և Ռատգերսի համալսարանի (Rutgers, The State University of New Jersey) արդյունաբերական և համակարգչային ճարտարագիտության բաժինը, համագործակցում են «Արդյունաբերական և համակարգչային ճարտարագիտություն» համատեղ MS (մագիստրոսական) ծրագրի ներդրման գործընթացում:
Այս ծրագրի նախագծման գործընթացում ներգրավված են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ANEL-ը (Armenian National Engineering Laboratory), EIF-ը և Ինժեներական քաղաքը PMI Science-ի աջակցությամբ:
«Արդյունաբերական և համակարգչային ճարտարագիտություն» մագիստրոսական ծրագիրը պաշտոնապես կգործարկվի 2019-2020 թթ։ Ուսումնական ծրագիրը մշակելու համար Ռատգերսի համալսարանը արդեն կիսվում է հայ գործընկերների հետ իր փորձով, գիտելիքներով և հմտություններով։
Միևնույն ժամանակ ՀԱՊՀ-ի այս ծրագրի փորձնական փուլում գտնվող ուսանողները ներկայումս գտնվում են Ռատգերսի համալսարանում։ Այնտեղ նրանք տարբեր դասընթացների են հաճախում և ուսումնասիրում համատեղ հետազոտությունների հնարավորությունները և ուղղությունները:
Հիշեցնենք, որ համագործակցության շրջանակներում 2019 թ. հունվարին Ռատգերսի համալսարան աշխատանքային այց էր կատարել Ամալյա Մխիթարյանը: Այդ ընթացքում նա հանդիպեց դասախոսների, ուսանողների և պրոֆեսորների հետ, ինչպես նաև քննարկումներ ծավալեց համագործակցության հնարավոր ուղիների և փորձի փոխանակման վերաբերյալ:
«Ռատգերսի համալսարանի հետ փորձի փոխանակումը կարևոր և մեծ հնարավորություն է, քանի որ այն հնարավորություն է տալիս միջազգային փորձը ընգրկել Հայաստանի կրթական հատվածում: Դա հնարավորություն կտա մեր մասնագետներին և ուսանողներին ոչ միայն ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաների, այլև իրականացնել համատեղ հետազոտական նախագծեր», – նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: