Ինժեներական Ասոցացիայի տնօրեն՝ Վարդան Ալեքսանյանը նշել է, որ խիստ կարևորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը, խոսելով Armenian Engineering Week-ի մասին։ Այն հիմնական նպատակները, որոնք միջոցառման կազմակերպման հիմքում են, միանշանակ դրական ազդակ են հաղորդում ինժեներական սեկտորին։ Հայաստանը պետք է ինժեներական ժամանակակից և բարդ խնդիրների լուծումներ առաջարկող երկրների ցանկում իր տեղ գրավի, և բրենդավորվի որպես ինժեներիայի տարածաշրջանային կենտրոն։
«Հայաստանը դրական ձևավորված միջազգային իմիջ ունի որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կենտրոն: Հետագա զարգացման և ամրապնդման համար կարծում եմ անհրաժեշտ է նաև ընդգծված, հետևողական քայլերով տարածել, զարգացնել ինժեներական գործունեությունը և ինժեներական բիզնես մտածողությունը: Գլոբալ շուկայի այսօրվա մեծ հնարավորությունները ճիշտ գնահատելուն, սփյուռքի ինժեներական հատվածի հետ փոխշահավետ քննարկումներ սկսելուն, միջազգային հեղինակավոր ինժեներական կառույցների հետ համագործակցության զարգացմանն ուղղված մեր միջոցառումը՝ «Հայաստանի Ինժեներական Շաբաթը» ունի նոր ընկերություններ Հայաստան բերելու, նոր ներդրումներ ներգրավելու հնարավորություններ»,- ընդգծել է Վարդան Ալեքսանյանը։