Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ամփոփվեց «Հայաստան-Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փակման արարողությանը ներկա էր աշխարհահռչակ ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, ով եկել էր ծանոթանալու ինժեներական լուծումների ցուցահանդեսին և լավագույն սկսնակ ընկերությունների կարողություններին։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը պատմեց, թե ինչու Յուրի Ջորկաեֆը ցանկացավ մասնակցել այս միջոցառմանը։
«Երեկ մի հայկական նոր բրենդի հիմնադրմանն ենք մասնակցել, և պարոն Ջորկաեֆը, տեղեկանալով, որ մենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ենք ստեղծել, ինձ ասաց, որ իր շատ ընկերներ ցանկանում են իմանալ, թե ինչպես կարող են օգնել հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտին, ինչպես կարող են ներդրումներ անել և իրենց մասնակցությունն ունենալ այդ գործում։ Ես պարոն Ջորկաեֆին ասացի, որ բազմաթիվ հարթակներ կան, որտեղ կարելի է մասնակցել, և մենք կարող ենք հետագայում դա քննարկել։ Հիշեցի, որ ես պետք է մասնակցեի «Ինժեներական շաբաթի» փակման արարողությանը և ասացի պարոն Ջորկաեֆին, որ եթե ուզում է ծանոթանալ ոլորտին, կարող ենք միասին գնալ Վանաձոր, որին նա մեծ հաճույքով համաձայնեց»,- ասաց Հակոբյանը։
Հունիսի 24-28-ը ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երեւանում և Վանաձորում կանցկացվի «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարքը:
Շաբաթվա ընթացքում ընթացել են բարձր տեխնոլոգիաների ոլորտի եռօրյա նեղ մասնագիտական սեմինարներ, ցուցադրություններ եւ փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներ։