Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական կրթական ծրագիր է դիզայնի և տեխնոլոգիաների միջակայքում:
Թումոն հիմնվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Առաջին կենտրոնը բացվել է Երևանում 2011 թվականին: Հայաստանի կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ երկրորդ Թումո կենտրոնը բացվել է Դիլիջան քաղաքում 2013-ին։ 2015-ին Հայկական բարեգործական ընդհանուր հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ ևս երկու կենտրոն բացվեցին Գյումրիում և Ստեփանակերտում։ Այժմ չորս կենտրոններում սովորում են ավելի քան 14,000 պատանիներ:
Թումոյի ուսանող կարող է դառնալ ցանկացած 12-18 պատանի:
Կենտրոնի յուրահատուկ կրթական ծրագրի միջոցով ուսանողները հնարավորություն են ստանում հմտանալու 21-րդ դարի ամենապահանջված և արդիական ոլորտներում՝ ֆիլմերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում և խաղերի ստեղծում, ռոբոտաշինություն, շարժական գրաֆիկա, ստեղծագրություն, ծրագրավորում, երաժշտություն, եռաչափ մոդելավորում, լուսանկարչություն, նոր մեդիա, գրաֆիկական դիզայն, նկարչություն:
Ուսանողները սկսում են իրենց կրթական ճանապարհը Թումո շավիղ ինքնուսուցողական հարթակում։ Թումո շավիղը ներառում է ուսուցողական վարժանքներ, որոնք կատարելով ուսանողները հիմնային հասկացողություն են ձեռք բերում Թումոյի կրթական ոլորտների մասին։ Այս ընթացքում ուսանողներին ուղղորդում են Թումոյի մարզիչները։ Իրենց ուսումնական ուղու ընթացքում պատանիները նաև մասնակցում են դասընթացների և աշխատարանների։
Թումոյի բոլոր ոլորտներն ու հմտությունները ներկայացնող դասընթացները անցկացվում են ամբողջ տարվա ընթացքում կենտրոնի մասնագետների կողմից, և դրանց մասնակցելով պատանիները անցնում են երեք մակարդակով՝ սկսնակ, միջին և առաջադեմ։
Թումոյի աշխատարանները վարում են միջազգային մասնագետներ, ովքեր կենտրոն են այցելում աշխարհի տարբեր ծայրերից։
Ամբողջ կրթական ուղու ընթացքում ուսանողների կատարած աշխատանքները հավաքվում են իրենց թվային պորտֆոլիոյի մեջ, որը ավելի ու ավելի հագեցած է դառնում ուսանողի ցանկացած ձեռքբերման հետ միասին։
2017-ի փետրվարից Թումոյի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ մեկնարկել է Թումո Բանակ ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Դիլիջանի և Ստեփանակերտի Թումո կենտրոններում մոտակա զորամասերի զինծառայողները ընթանում են կրթական ծրագրով և հմտություններ ձեռք բերում համակարգչային ծրագրավորման, ռոբոտաշինության, համակարգչային գրաֆիկայի և թվային երաժշտության ստեղծման ոլորտներում: Երևանի Թումո կենտրոն են այցելում Վազգեն Սարգսյանի և Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտների սաները, ինչպես նաև կրթական ծրագիրը գործում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:
2018-2019 թվականներին նախատեսվում է ևս երկու Թումո կենտրոնների բացումը՝ Տավուշի շրջանի Կողբ գյուղում և Արարատ մարզի Մասիս քաղաքում:
2017-ից գործում է Թումո Ստուդիաներ նախագիծը՝ կրթական ծրագիր, որը կենտրոնանում է անալոգային կամ թվային միջոցներով առօրյան ավելի որակյալ դարձնող պարագաների, գեղեցիկ իրերի, անալոգային արտադրանքի դիզայնի և ստեղծման վրա։
Ապագա դիզայներների, դիզայնի կայացած մասնագետների և տեղացի արհեստավորների աշխատարաններում ստեղծվում են նորարարական աշխատանքներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նորաձևությունը, զարդերի դիզայնը, խոհարարությունն ու արտադրական դիզայնը։ Ստուդիաներում անցկացվող աշխատարաններին կարող են մասնակցել 18-28 տարեկան երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են նշված ոլորտներով:
Տարիների ընթացքում աճում է միջազգային հետաքրքրությունը Թումոյի վերաբերյալ. մոտակա ժամանակներս նախատեսվում է Թումո կենտրոններ բացել Բեյրությում և Մոսկվայում: