Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայկական Renderforest-ը նոր գրասենյակ է բացել և հարթակում նոր գործիք ներդրել
News 26/07/2019 08:55

Հայկական RenderForest-ը՝ առցանց տեսանյութերի ստեղծման հարթակը 100 աշխատակիցների համար նախատեսված նոր գրասենյակ է բացել և ընդլայնել է իր գործունեությունը, ներդնելով վեբ-կայքեր ստեղծելու նոր առցանց գործիք։ Հայկական RenderForest առցանց տեսանյութերի ստեղծման հարթակի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը պատմեց, որ  նպատակ էր դրվել կառուցել շենք 60 աշխատակցի համար, սակայն շինարարության ընթացքում ծրագրերը փոխվեցին, և շենքը ներկայումս նախատեսված է 100 աշխատակցի համար։ Հիմնադիրը հուսով է, որ այն որոշ ժամանակ կբավարարի իրենց ։

Հիմնադիրը պատմեց, որ իրենց ընկերությունը  հայտնի է եղել որպես  ավտոմատացված վիդեոարտադրության հարթակ, և ներկայումս ընդլայնվելու են և ներդնելու ավտոմատացված դիզայնի հարթակ, որը հնարավորություն կտա վեբ-կայքեր ստեղծել։

«Մեր արտադրությունը ամբողջությամբ նախագծվել և ստեղծվել է Հայաստանում։ Մենք մեր աշխատանքը սկսել են փոքր հիմնարկում։ Մենք այդ հարթակով փորձել ենք լրացնել շուկայում եղած բացը, որովհետև, կարծում ենք, որ ժամանակն է նաև փորձել ավտոմատացնել վիդեոարտադրությունը»,- ասաց Սաֆարյանը։

Հիմնադրի խոսքով՝ իրենք շատ դժվար ճանապարհ են անցել, քանի որ, երբ իրենց արտադրությունը թողարկվեց և հաջողության հասավ՝ ներդրողները գալիս էին առաջարկներով և փորձում գնել այն, սակայն բոլոր ներդրումային առաջարկները մերժվել են։

«Գումարը մեզ համար շարժառիթ չի հանդիսացել, և մենք չենք վաճառել։ Մեր ողջ կապիտալը հայկական է։ Մեր արտադրության 99,7 տոկոսն արտահանում ենք և հանդիսանում ենք խոշոր ՏՏ արտահանող ընկերություն։ Մենք ամեն տարի աճում ենք 165 տոկոսով և ունենք ամսական 3,5 միլիոն այցելու»,- ընդգծեց Սաֆարյանը։

Ըստ հիմնադրի՝ իրենց շարժիչ ուժը աշխատակիցներն են, ուստի ընկերությունում միջին աշխատավարձը կազմում է 750 հազար դրամ։

«Մենք չենք մրցակցում հայկական ընկերությունների հետ, մենք մրցակցում ենք Սիլիկոնյան հովտի ընկերությունների հետ, քանի որ գտնում ենք, որ պետք է ստեղծել պայմաններ, որոնք չեն զիջելու Սիլիկոնյան հովտի ընկերությունների պայմաններին»,- շեշտեց Սաֆարյանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորեց աշխատակիցներին գրասենյակի բացման կապակցությամբ և նշեց, որ այս պահին Հայաստանը առաջատարն է վիդեոպատրաստման ծրագրերում ի դեմս RenderForest-ի և առաջատարն է նկարների փոխակերպման ծրագրերում ի դեմս Picsart-ի։

«Մենք հավակնում ենք դառնալ առաջատարը բազմաթիվ այլ ոլորտներում, որոնցից կարող են լինել արհեստական բանականությունը, միկրոէլեկտրոնիկան, դիզայնը և այլն։ Կարծում եմ, մենք ունենք առաջատար լինելու այդ հզոր ներուժը և այդպես էլ պետք է մտածենք»,- ասաց Արշակյանը։

Նախարարի խոսքով՝ պետք է ավելի շատ քաջալերել աճող սերնդին, որպեսզի նրանք ընտրեն բնագիտական գիտությունները և դառնան ճարտարագետներ։

RenderForest-ը հիմնադրվել է 2013 թվականին Երևանում, երբ մի քանի հոգուց բաղկացած փոքրիկ թիմը, ցանկանալով հեղափոխել առցանց վիդեոպատրաստման ոլորտը, դրեց նոր փոփոխության հիմքերը։ Չնայած նրան, որ սկզբում թիմը փոքրաքանակ էր, այն ուներ աճի մեծ ներուժ, և շուտով ընկերությունը սկսեց ծաղկում ապրել: Այդ օրվանից հարթակի օգնությամբ միլիոնավոր հոլովակներ են պատրաստվել, և միլիոնավոր մարդկանց հասանելի է դարձել գովազդի ամենաարդյունավետ միջոցը՝ տեսահոլովակը։

Այսօր  հարթակում գրանցված են 3 միլիոնից ավել օգտատերեր, որոնք ստեղծել են ավելի քան 6 միլիոն հոլովակ։ Հարթակի որակական չափանիշներին վստահել են առաջատար գլոբալ կազմակերպություններ, ինչպիսիք են General Electric-ը, Vodafone-ը, Pepsico-ն, Ericsson-ը, Springer-ը, Sony Music-ը և այլն։