Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Skydeck ակսելերատորում  ամեն 6րդ միջազգային ստարտափը Հայաստանից է
News 08/08/2019 14:12
Օգոստոսի 7-ին Deworkacy AOKS աշխատանքային ակումբում խմբվել էին հայկական ստարտափ էկոհամակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ, ստարտափերներ, ներդրողներ, կրթական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարդիկ, ովքեր մեծ հետաքրքրությամբ են հետևում Հայաստանում ստարտափների զարգացմանը և դրանց՝ միջազգային շուկա դուրս գալուն։ Այս բոլոր մարդկանց այստեղ էր բերել մեկ բան՝ միջազգային SkyDeck աքսելերատորի «ամբասադոր» Կարեն Գյուլբուդաղյանին լսելու և նրա ունեցած փորձն ու գիտելիքները ստանալու ցանկությունը։
 
Կարեն Գյուլբուդաղյանը Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի SkyDeck-ի առաջին համաշխարհային «ամբասսադորն» է և առանցքային խորհրդականը։ Ունենալով շուրջ 25 տարվա փորձ այս ոլորտում՝ նա իր աշխատանքային կարիերան սկսել է Հայաստանում՝ Ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության բաժնում։ Կարենը երկար տարիներ շարունակ աջակցել է ստարտափերին՝ փորձելով իր խորհուրդներով և փորձառությամբ կիսվել նրանց հետ և ամեն կերպ նպաստել ևս մեկ նոր գաղափարի իրագործմանը։ Նա իր ուսերին է վերցրել հայկական ստարտափները համաշխարհային շուկա դուրս բերելու առաքելությունը, և SkyDeck-ը նրա անգնահատելի գործընկերն է եղել այդ ճանապարհին։ 
 
Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանը համարվում է աշխարհի ամենամեծ հետազոտական համալսարաններից մեկը, իսկ Berkeley SkyDeck-ը Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի պաշտոնական աքսելերատորն է։ Թեև SkyDeck-ը ստեղծվել է շատ վաղուց, այն միայն վերջին երկու տարիներին է համաշխարհային հռչակ ձեռք բերել և դարձել համաշխարհային լավագույն աքսելերատորներից մեկը։ Հենց այդ ժամանակ է, որ Կարենը միացավ SkyDeck-ի խորհրդականների թիմին և որպես հայ՝ հայկական ստարտափները աքսելերատոր բերելը և զարգացնելը նրա համար դարձավ առաջնահերթություն։
 
SkyDeck-ը՝ որպես աքսելերատոր ունի երկու ծրագիր. առաջինը 6 ամիս տևող աքսելերացիոն շրջանն է այն ընկերություների համար, որոնք արդեն իսկ որոշակի շոշափելի արդյունքներ են գրանցել և խորհրդականների, ներդրողների և SkyDeck-ի կողմից տրամադրվող համապատասխան պայմանների օգնությամբ փորձում են գտնել առաջ շարժվելու նոր ուղիներ, իսկ երկրորդը կրկին 6 ամիս տևողությամբ ինկուբատոր է, որը էապես միտված է աջակցելու ուսանողներին, ստարտափ էկոհամակարգում իրենց առաջին քայլերն անող մարդկանց և նրանց գաղափարները։ SkyDeck մուտք գործած հայկական ստարտափների ցանկը ներառում է 2Hz/Krisp-ը, Grovf-ը, SuperAnnotate-ը, AppearMe-ն և XCloud Networks-ը։ Այս ընկերություները արդեն ինքնուրույն և մեծ քայլերով առաջ են շարժվում, և ինքնին իրենց անունը միջազգային շուկայում խոսում է վստահության և հուսալիության մասին։ 
 
Ներկայումս SkyDeck-ն իր մեջ ներառում է 145 ընկերություն, որոնցից 5-ը հայկական են։ Այս ընկերությունները խստագույնս ընտրվել են շուրջ 800 մասնակից ընկերություններից։ Աքսելերատորը տարբերվում է այն իրական հնարավորություններով, որոնք ընձեռվում են ոչ միայն մասնակից ընկերություններին, այլև բազմաթիվ ներդրողների։ Սա կրթական հարթակ չէ, այստեղ գործում են բիզնես աշխարհի մեթոդները, և ստարտափերը ձեռք են բերում իրական փորձ, անում սխալներ և խորհրդականների օգնությամբ ուղղում դրանք, կատարելագործում իրենց գաղափարները և թե ինչպես են դրանք մատուցում, և վերջապես քայլեր անում դեպի համաշխարհային շուկա։