Դոմենային անունների միջազգային շուկայում իր յուրօրինակ լուծումով է հանդես գալիս GlobalR հայկական ստարտափը։
Չորս հոգանոց թիմում վստահ են, որ չնայած մեծ մրցակցությանը, շուտով պետք է դառնան միջազգային շուկայում առաջատար։
Դոմենային անունների գրանցման ծառայություն մատուցող ռեգիստրար ընկերությունները (աշխարհում դրանց թիվը հասնում է 40,000) մեծ դժվարություններ են ունենում աշխարհագրական անունների տիրույթներում դոմեններ (Country Code Top Level Domain – ccTLD(.am, .us, .uk, .ru)) գրանցելիս։ Հիմնական պատճառն այդ տիրույթներում գրանցման գործընթացը կարգավորողների՝ ռեգիստրների (registry) տեխնիկական, ֆինանսական և լեգալ ինտեգրացիայի դժվարություններն են։ Այդպիսի դոմենային տիրույթները աշխարհում 255-ն են։
Այսուհետև դոմենների գրանցումով զբաղվող կազմակերպությունները (registrar), օրինակ՝ GoDaddy, 101domain.com և այլն, կարող են ինտեգրվել միայն GlobalR-ի հետ և ստանալ հնարավորություն գրանցելու դոմենային անվանումներ վերը նշված 255 տիրույթներում։
Նշենք, որ դոմենային ռեգիստրարներից 101domain.com-ը, որն աշխարհում առաջատարներից մեկն է, արդեն GlobalR-ի հաճախորդն է։ Գարնանը թիմը մասնակցեց Beeline Startup Incubator-ի 3-րդ ինկուբացիոն ցիկլին, ինչը մեծ թափ հաղորդեց նորաստեղծ ընկերությանը։
Այս պահին GlobalR-ը մտնում է զարգացման նոր փուլ։
Թիմն ունի խորհրդատուներ,օրինակ՝ Idram և The Crowdfunding Formula ընկերությունների հիմնադիր Գևորգ Պողոսյանը, SevenSmarts հայտնի ՏՏ ընկերության հիմնադիր Արտավազդ Սոխիկյանը և STRATECIS ստրատեգիական խորհրդատվական ընկերության ծրագրերի զարգացման մենեջեր Սթիվեն Քեշիշյանը։
Թիմն արագ աճ ու զարգացում ապահովելու նպատակով պատրաստվում է դիմել դրամաշնորհների, ինչպես նաև շուտով կհայտարարի ներդրումային ցիկլի սկզբի մասին։
Նախատեսվում է նաև նոր՝ ավելի հզոր ու ապահով հարթակի գործարկումը, որը նախնական պլաններով կլինի 2020թ-ի սկզբին։