Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
4u.am-ի հաջողության պատմությունը․ ստարտափի, մարդկանց երջանկացնելու և Beeline Startup Incubator-ի մասին
Startups 18/09/2019 16:25

4u.am-ի CEO Լևոն Գալստյանը և համահիմնադիր Ժենյա Ղազարյանը պատմում են իրենց ստարտափի, մարդկանց երջանկացնելու և Beeline Startup Incubator-ի մասին

Ի՞նչ է իրենից ներկայացնում 4u.am-ը։

4u.am-ը հայկական արտադրության նվերների և ծաղիկների օնլայն հարթակ է։ Կոնցեպտը ինչպիսին է․ մենք համագործակցում ենք տարբեր խանութների, անհատների հետ, տեղադրում ենք իրենց տեսականին մեր կայքում։ Մեր միջոցով կատարվում է և վաճառքը, և սպասարկումը, և առաքումը։

Մեր mission-ը մեկ ամիս առաջ մի փոքր ուրիշ էր, բայց հիմա փոխվել է։ Այն ժամանակ դա հայ կնոջը երջանիկ տեսնելն էր և Հայաստանը երջանիկ երկներում առաջինը դառնալը։ Հիմա մենք ցանկանում ենք լինել Հայաստանի ամենահաճախորդակենտրոն կազմակերպությունը։

Ինչո՞ւ մենք դրան եկանք։ Մինչ այդ մենք ուզում էինք տեսնել հայ կնոջը երջանիկ, բայց հետո հասկացանք, որ երջանկանում է նաև նվիրողը։ Նաև մենք պլաններ ունենք, որ նվերները լինեն ոչ միայն կանանց համար, այլ նաև տղամարդկանց համար։ Եվ եթե մենք լինենք ամենահաճախորդակենտրոն ընկերությունը, կստացվի, որ մենք ամեն ինչ անում ենք, որ հաճախորդին լավ լինի, ինչը նշանակում է, որ հաճախորդը լինելու է երջանիկ։ Հետևաբար, սա ավելի լավ նպատակ է։

Իրականում, հենց մեր բացման օրից, ամեն ինչ անում ենք, որ հաճախորդը գոհ լինի։ Մենք ունենք արժեքներ, որոնցով շարժվում ենք առաջ։ Լինել պարտաճանաչ, պոզիտիվ, ինովատիվ։

Թիմն է այն բանը, որը օգնում է ստարտափին շատ արագ աճել։ Որովհետև, եթե դա չի լինում, կապ չունի որքան պրոֆեսիոնալ են բոլորը, ներգրավվածությունը չի ապահովվում։

Ինչպե՞ս ամեն ինչ սկսեցիք։

2017 թվականին կազմավորվեց մեր թիմը։ Այդ ժամանակ միտքն է եղել, ձևավորվել է մեր mission vision-ը։ Արդեն 2018 թվականի սկզբից սկսել ենք ակտիվ աշխատել պրոյեկտի վրա։ Սկսեցինք շուկայի ուսումնասիրություն անել և վաճառքներ կատարել Facebook-ում և Instagram-ում, քանի որ դեռ վեբ-կայք այդ ժամանակ չունեինք։ 2018 թվականի փետրվարին ստացանք մեր առաջին ներդրումը։ Այդ ժամանակ սկսեցինք պլանավորել, թե տարվա ընթացքում ինչի ենք ուզում հասնել, հաշվեցինք, որքան գումար է պետք դրա համար, և դրա հիման վրա էլ գումար ստացանք։ Մինչև օգոստոս բոլոր վաճառքները կատարվում էին սոցիալական ցանցերի միջոցով. ամսական լինում էր 50-100 հաճախորդ, օրական՝ մի քանի պատվեր։ Իհարկե տոն օրերին վաճառքների թիվը մի քանի անգամ աճում էր։

Անցած տարվա օգոստոսի 1-ին արդեն գործարկեցինք վեբ կայքը, և առևտուրը մի քանի անգամ աճեց։ Այդ օգոստոսից մինչև հիմա միջինում ամիսը 25-30% վաճառքի աճ ունենք։ Մեր հիմնական չափորոշիչը՝ վաճառքն է, վաճառքից ստացված գումարը և դրա հետ իհարկե զուգահեռ աճող նաև հաճախորդների թիվը։

2019-ից սկսեցինք աշխատել արդեն նոր վեբ կայքի վրա։ Այն ուներ արդեն ավելի մեծ ֆունկցիոնալ, ավելի գեղեցիկ դիզայն։ Եվ ապրիլին արդեն այն գործարկեցինք։

Մայիսից-հունիս անցկացրեցինք մեր ներդրման 2-րդ փուլը:

Պլանավորում ենք, թե մեզ ինչ է պետք, որ մինչև այս տարվա վերջ ապահովենք մեր ամսական 30% աճը։ Եվ շարժվում ենք առաջ։ Պլանավորում ենք, որ տարվա վերջ, տարվա սկզբի համեմատ, մոտավորապես 15 անգամ կաճեն վաճառքները։

Մեր թիմը գնալով մեծանում է, մեծացնում ենք հաճախորդների սպասարկման թիմը, շատանում են առաքիչները։

Ի՞նչ տեսակի նվերներ կան կայքում։

Նվերները շատ բազմազան են՝ բարձերից, թեյերից սկսած, մինչև զարդեր, հուշանվերներ։ Մտածում ենք նաև հագուստի մասին, հայկական արտադրության հագուստ ներառենք։ Այսինքն, հայկական արտադրության այն ամեն ինչը, ինչով կարելի է նվեր անել։

Ինչպե՞ս ենք օրինակ մենք որոշում տվյալ ապրանքը կայքում տեղադրենք, թե ոչ։ Նայում ենք, օրինակ, այս գրիչը հնարավո՞ր է նվիրել։ Եթե հնարավոր է, ուրեմն այն կարելի է կայքում տեղադրել։ Համեմատում ենք նաև, որ գին/որակ համադրելի լինեն, որպեսզի հաճախորդին կարողանանք լավ նվեր առաջարկել։

Ռազմիկ պապիկի մասին։

Մի օր Facebook-ում մի գրառում տեսանք Ռազմիկ պապիկի մասին, ով ամեն օր ծաղիկները իրացնելու խնդիր ունի։ Ու մենք որոշեցինք գնալ, պայմանավորվել նրա հետ, որ 4u.am-ի միջոցով նաև վաճառի իր ծաղիկները և ինքն էլ ամեն օր երջանիկ գնա տուն։ Պայմանավորվելուց հետո տեղադրեցինք մեր կայքում նրա ծաղիկները և ամեն օր առնվազն 5-6 պատվեր կար նրա ծաղիկներից։ 15 օրվա ընթացքում ամենաքիչը 100 փունջ առաքել ենք։ Եվ այդ թիվը գնալով մեծանում է։ Ռազմիկ պապիկի շնորհիվ մեզ ամբողջ աշխարհում էլ ավելի ճանաչեցին։ Շատերը զանգում էին նույնիսկ արտերկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից։

Ինչպե՞ս դիմեցիք Beeline Startup Incubator:

Տեղյակ էինք, որ կա Beeline Startup Incubator-ը։ Մինչ այդ տարբեր միջոցառումներին էինք մասնակցել, կապված ինկուբատորի հետ:

Նախորդ անգամները չէինք ուզեցել դիմել, քանի որ այն ժամանակ շատ սկզբնական փուլում էինք։ Իսկ այս ցիկլի ժամանակ, մեր stage-ը արդեն թույլ էր տալիս։ Մեր համար հետաքրքրիր էր արդեն վաճառքները ավելացնելու համար սեմինարների մասնակցել, տարբեր սփիքերների, մենթորների լսել։

Եվ այնպես ստացվեց, որ դիմեցինք ու անցանք։ Մասնակցեցինք 14 շաբաթվա կուրսին, որը մեզ շատ-շատ օգնեց։

Ի՞նչ ապագա պլաններ ունեք։

Նախատեսում ենք մինչև տարեվերջ հատել break even point-ը: Պլանավորում ենք նույն տեմպով ակտիվ աճել և դառնալ ամենահաճախորդակենտրոն ընկերությունը Հայաստանում։