WCIT համաշխարհային նվագախմբի աշխարհի 14 երկրներից ժամանած հրավիրյալ երաժիշտները ծանոթանում են հայկական մշակութային ժառանգությանը, այցելում են պատմամշակութային վայրեր:
Երեկ նվագախումբն այցելել է Գառնու տաճար և Գեղարդի վանք, իսկ այսօր՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մատենադարան: Օտարազգի 75 հյուրերին ներկայացվել է Մատենադարանի հիմնական ցուցասրահը՝ մշտական ցուցադրության հին ձեռագրերը, հայ պատմիչների գործերը և այլն:
Մինչ օրս հայկական մշակույթին ոչ այդքան քաջատեղյակ երաժիշտները ոգևորությամբ նշում են, որ Հայաստան մյուս այցն իրեն երկար սպասել չի տա և անպայման կկրի զբոսաշրջային բնույթ, քանի որ բազմադարյա մշակույթի հետ ծանոթությունը պարզապես անհնար է առավոտից երեկո անցնող ակտիվ փորձերի մեջ: Այսպիսով, միջմշակութային երկխոսությունը խթանող նախագիծը նպաստում է նաև զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը:
Հիշեցնենք, որ WCIT համաշխարհային նվագախումբը բաղկացած է 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից, հրավիրյալ երաժիշտները ներկայացնում են Կանադան, Նիդեռլանդները, Մալայզիան, ԱՄՆ-ն, Հունաստանը, Թայվանը, Իսպանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Դանիան, Մեքսիկան, Բրազիլիան, Ավստրալիան, Հնդկաստանը:
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում նվագախմբի առաջնելույթով կազդարարցի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը: Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը: