«Nooor» բլոկչեյնի հայկական ասոցիացիան կազմակերպեց ChainPoint 19 բլոկչեյն տեխնոլոգիային նվիրված միջազգային համաժողովը, որը տեղի է ունենում հոկտեմբերի 14-ին և 15-ին Երևանում, Դվին Հյուրանոցի սրահում:
ChainPoint-ը ոլորտի ամենաազդեցիկ միջազգային միջոցառումներից է, որն այս տարի ընդունում է ավելի քան 500 մասնակից և 50 խոսնակ 30-ից ավելի երկրներից: Կոնֆերանսը նպատակ ունի համաշխարհային բիզնես համայնքին ներկայացնելու Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը։
Կոնֆերանսի բացմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ համաժողովի ընթացքում նախատեսվող քննարկումները նվիրված են ապագայի տեխնոլոգիաներին:
«Լսելու ենք բազմաթիվ հետաքրքիր կարծիքներ, թե ինչպես են ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպություններն օգտվում բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման առավելություններից, թե ինչպես են կառավարությունները մասնակից դառնում այդ գործընթացներին, որպես տեխնոլոգիաների պատվիրատու և թե ինչպես են այդ տեխնոլոգիաների շնորհիվ իրենց կառավարման համակարգերն ավելի նորարարական դարձնում»,-շեշտեց Խաչատրյանը:
Նրա կարծիքով՝ նման հեղինակավոր միջոցառման անցկացումը կարևոր է այն նորարարական կազմակերպությունների համար, որոնք Հայաստանում հետևում են աշխարհի զարգացումներին և ձեռք են բերում հնարավորություն իրենց տեսակետներն ու կարողությունները ներկա պահանջներին համապատասխանեցնելու միջոցով դառնալ համաշխարհային զարգացման մի մասը:
Միաժամանակ Հոնկոնգի FinTech ասոցիացիայի նախագահ Հենրի Արսլանյանը կարծում է, որ Հայաստանում կան անհրաժեշտ պայմաններ՝ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման համար: «Աշխարհի չորս կողմում այսօր բլոկչեյնի հեղափոխություն է տեղի ունենում: Այդ հոսանքը հասնում է նաև Հայաստան, որն ունի ստարտափի էկոհամակարգ, զարգացող քաղաքացիական հասարակություն, բանկային համակարգ, որին վստահում է, և աշխատասիրություն: Այս բոլոր գործոնները շատ կարևոր են բլոկչեյնի զարգացման համար»,-նշեց Արսլանյանը:
Նրա խոսքով`դա նման է ճաշ եփելուն. էական են բոլոր բաղադրիչները: «Անհրաժեշտ է ճիշտ համեմունքներ օգտագործել, որպեսզի ճաշը համեղ ստացվի: Հայաստանն այդ հեռանկարն ունի»,-շեշտեց նա: