Հոկտեմբերի 14-ին Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) ավարտվեց Հետազոտական Աշխատանքների Ֆինանսավորման Ծրագրի տեղեկատվական հանդիպումը:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ծրագրի տեսլականը և դիմելու կարգը։ Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան կազմակերպիչներին ուղղել իրենց հարցերը։
«Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ, այս տարի կրկին ընդունում է հայտեր գիտական թիմերից՝ Հետազոտական Աշխատանքների Ֆինանսավորման Ծրագրի շրջանակում։ Այս ծրագիրը ոգևորում է գիտնականներին և հետազոտողներին, վերականգնում հավատը ոլորտի նկատմամբ, ինչպես նաև հնարավորություն է տալիս հետազոտական աշխատանքներ իրականացնել։ Ընտրված են այնպիսի ոլորտներ, որոնք կարևոր են, և որոնց վերաբերվող հետազոտությունները կարող են իրենց ազդեցությունն ունենալ ակադեմիական զարգացումների վրա»,- նշեց Enterprise Incubator Foundation (EIF)-ի ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը։
PMIScience-ի R&D էկոհամակարգի մենեջեր Մարիամ Դավթյանն իր հերթին ընդգծեց, որ Հետազոտական Աշխատանքների Ֆինանսավորման Ծրագրին կարող են դիմել թիմեր՝ բոլոր գիտահետազոտական ինստիտուտներից և համալսարաններից։
«Թիմը պետք է բաղկացած լինի առավելագույնը հինգ հոգուց։ Ցանկալի է, որ ներգրավված լինեն ասպիրանտներ, ուսանողներ, ինչպես նաև փորձառու ղեկավար կամ գիտական, որը կարող է օգնել այդ երիտասարդներին՝ գաղափարը կյանքի կոչելու ճանապարհին»։
Հիշեցնենք, որ ծրագրի հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը (ներառյալ)։
Ծրագրի մանրամասների հետ ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Իսկ ծրագրին դիմելու համար, կարող եք անցնել այստեղ։