Seaside Startup Summit-ի և Startup Armenia Foundation-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում պատմել է Sevan Startup Summit-ը հիմնելու, առաջին քայլերի և մրցույթի սահմանները մեծացնելու մասին։
“Երեք տարի առաջ էր ՝ 2016 թվականին, երբ իմ ընկերների հետ ջուրն իջեցրինք Sevan Startup Summit անունով մեր փոքրիկ նավակը։ Իհարկե, մեծ երազանքներ ունեինք նավակի հետ կապված, բայց կասկածները ևս մեծ էին։ Արդյո՞ք այն առհասարակ կլողա, արդյո՞ք կդիմանա ալիքներին ու քամիներին և իր ճանապարհին հանդիպած այլ խոչընդոտներին։ Ի՜նչ մեծ էր մեր ուրախությունն ու հրճվանքը, երբ 2016 թվականի առաջին միջոցառումից հետո պարզ դարձավ, որ (համեմատած) սակավաթիվ մասնակիցները՝ ստարտափերները, խոսնակները, մենթորներն ու հյուրերը սիրեցին անսովոր ու մի քիչ տարօրինակ մեր կոնցեպտը։ SSS նավակը սկսեց լողալ։ Մենք նրա առագաստներին փչեցինք նպաստավոր համընթաց քամի մեր սիրո, կենսաէներգիայի, կրեատիվության, ինտելեկտի, ֆինանսների և այլ ռեսուրսների տեսքով։
2017 թվականը դարձավ SSS-ի վերափոխման և բարելավման կարևոր շրջան։ Այդ տարի արդեն զգացինք, որ գործ ունենք ոչ թե նավակի, այլ նավի հետ, որը հաստատ կարող է ինքնուրույն լողալ և բոլորիս էլ տանել իր տախտակամածի վրա։ Մեզ հենց Հայաստանում հաջողվեց մի քանի տասնյակ առաջատար կազմակերպությունների հովանավորությունը ստանալ և բարելավել մեր ցուցանիշները բոլոր չափորոշիչներով։ Ու այդ ժամանակ էլ ծնվեց Seaside Startup Summit-ի գաղափարը։ Քանի որ մեր նավը ապացուցել էր, որ կարող էր լողալ սիրելի Սևանի ջրերում, ուստի ժամանակն էր փորձարկել իր ամրությունը բաց ծովի վրա։ 2017 թվականի աշնանը՝ մեր նավարկության սկզբից ընդամենը 1 տարի հետո, մեր նավը գնահատվեց շուրջ 6 մլն դոլար, և մենք ստացանք մեր առաջին լուրջ ներդրումը՝ 2 մլն դոլար։ Բնականաբար դա ևս մեծապես նպաստեց, որ մեր նավը արդեն Seaside Startup Summit միջազգային դրոշի ներքո իր նավարկությունը սկսի Պարսից ծոցում։
Արդեն 2018թ․ փետրվարին Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկեց SSSRAK18-ը։ Մեր նավը դուրս եկավ բաց ծով։ Համամասնորեն մեծացել էին մեր հույսերն ու երազանքները կապված SSS նավի հետ, և իհարկե մեծացել էին կասկածներն ու մտավախությունները։ Արդյո՞ք մեր նավը կդիմանա ծովի ալիքներին, արդյո՞ք կհաղթահարի հնարավոր փոթորիկները կամ արդյո՞ք անապատի ավազները դուր կգան արդեն ավելի քան 15 երկրներից ժամանող մեր մասնակիցներին և հյուրերին։ Ի շնորհիվ մեր թիմի բոլոր անդամների քրտնաջան աշխատանքի և ընկերների աջակցության, անկյանք անապատը օր օրի վերածվեց մեր գունագեղ նավի, և բոլոր մասնակիցները հիացած էին առաջին «Seaside Summit»-ից: Պարզ էր, որ ծովերը ընդունեցին SSS նավին։
Այս հաջողություններից ոգևորված, մենք նավարկեցինք Հնդկական օվկիանոսի հեռավոր ափերը և խարիսխ գցեցինք Հնդկաստանի Գոա նահանգի ամենագեղեցիկ ափում։
Դրախտային Cabo de Rama ափը մեկ շաբաթով դարձավ նորարարության, ձեռներեցության տոնահանդեսի վայր շուրջ 3000 ստրտափների, մենթորների, ինվեստորների, խոսակների և հյուրերի համար, ովքեր եկել էին ավելի քան 25 երկրկներից։ Այս մեծ հաջողություններից հետո՝ 2018 թվականին մենք իրականացրեցինք ևս մի շատ հաջող ու արդյունավետ Sevan Startup Summit։
SSS-ը կայացած էր։ Այն ոչ միայն շատ տարբեր է ոլորտի այլ հարթակներից իր ձևով ու բազմազանությամբ, այլ նաև իր բովանդակությամբ և արդյունավետությամբ։ SSS-ով անցած ստարտափներից շատերը հաջողության լուրջ պատմություններ են կերտել՝ դրանով ևս մեկ անգամ ընդգծելով մեր նավի աննկարագրելի օգտակարությունը։
Կարևորագույն հանգամանք է նաև այն, որ SSS-ը դառնում է ունիկալ հարթակ, որը համապատասխանում է հասարակությունում արդեն տեղի ունեցած փոփոխություններին և այդ փոփոխությունների արդյուքնում ձևավորած նոր ստարտափ մշակույթին։ Կարելի է ասել, որ դա ոչ թե սոսկ փոփոխություն է, այլ հեղափոխություն` մտածողության հեղափոխություն, վարվեցողության հեղափոխություն, նպատակների ու ձգտումների հեղափոխություն և այդ ձգտումներին հասնելու ուղիների հեղափոխություն, իսկ ստարտափների ոլորտում ավելի կոնկրետ գործարքի իրականացման մարդկայնացում, պարզեցում։
Երբ հետհայացք գցելով հասկացանք, որ ընդամենը 2 տարվա ընթացքում մեր նավը ապացուցեց, որ կարող է լողալ ոչ միայն Սևանի, այլև մեծ ծովերի ջրերում, որոշեցինք, որ ժամանակն է այն ենթարկել քանակական և որակական մի նոր բարեփոխման և նախապատրաստվել «շուրջերկրյա ճամփորդության»։ Մեր թիմը կրկին գործի անցավ։ Իրակացավեց հսկայական աշխատանք և 2019-ի թվականին կրկին Սևանում մենք փորձարկեցինք արդեն մի հզոր նավ, որը լինելով նույնքան գունագեղ ու ժամանցային, որքան 2016-ի նավակն էր, միևնույն ժամանակ խիստ տարբեր էր չափերով, ծավալով, առագաստների մեծությամբ և հզորորությամբ ու հատկապես իր ուղևորների բազմազանությամբ և իր վրա եղած իրերի տարատեսակությամբ։ Այսպիսով խնդիրը լուծված էր։ SSS-ը թե՛ քանակապես, թե՛ հատկապես որակապես անգամներ գերազանցում էր նախորդներին։
SSS 2019-ին մասնակցեցին ավելի քան 10000 մարդ շուրջ 50 երկրից։ 7 օրով Սևանը դարձել էր իսկական Silicone Lake՝ հյուրընկալելով 1000-ավոր ստարտափերների և հյուրերի, առաջնակարգ խոսնակների, 100-ավոր մենթորների և ինվեստորների, նախագահի և վարչապետի, տասնյակ նախարարների և շատ այլ պաշտոնյաների։
SSS-ի մեծ վերափոխումը ևս հաջողությամբ փորձարկված է։ Այժմ վստահ կարող եմ ասել, որ մենք և մեր SSS նավը պատրաստ ենք նվաճել «Համաշխարհային օվկիանոսը» և ունենալ գերիշխող դեր համաշխարհային ստարտափ պլատֆորմների շարքում։
Այսպիսով 3 տարի հետո մեր նավը արժե շուրջ 35 մլն դոլար և պատրաստվում է առաջիկայում ներգրարվել շուրջ 10 մլն դոլարի նոր ներդրում իր մեծ ճամփորդությունը շարունակելու համար։
Ոգևորվում եմ մեր արած աշխատանքով, հպարտանում եմ մեր ստացած արդյուքներով, շնորհակալ եմ «երազանքների թիմին» և մեր բոլոր աջակիցներին ու ընկերներին։
Մեծ երազելու փոխարեն, երազում եմ օվկիանոսի չափ:
Երազեք օվկիանոսի չափ”։