Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Բեռլինում Թումո կենտրոն կբացվի հոկտեմբերին
News 22/01/2020 10:50

Հունվարի 21-ին, Թումո Երևանում և KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում զուգահեռաբար, տեղի ունեցավ Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը: Կենտրոնը գտնվելու է Բեռլինի արևմտյան հատվածում` պատմական Շառլոտենբուրգ թաղամասում: Այն իր դռները կբացի այս տարվա հոկտեմբերից` անվճար սովորելու հնարավորություն տալով 1200 ուսանողի: Այս մասին մենք տեղեկացանք ԹՈՒՄՈ-ի բլոգից։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների անդամներ, երկու երկրներում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թումո կենտրոնի և KfW բանկի ղեկավարներ: 

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց. «Այսօր ներկա ենք գտնվում մի իրադարձության, որն ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում կարևոր չէ երկրի աշխարհագրական դիրքը կամ բնական ռեսուրսների հարստությունը, կարևոր է մարդկային ներուժը, գաղափարը, միտքը, որը չունի սահման»:

Թումո Բեռլինի հիմնադրման ծրագիրն իրականացվում է Թումոյի և KfW գերմանական զարգացման բանկի համագործակցությամբ: Ինչպես իր խոսքում նշեց KfW բանկի գործադիր խորհրդի անդամ Ինգրիդ Հենգսթերը` կրթական ոլորտը իրենց ուշադրության կենտրոնում է. «Աջակցությունը կրթական ոլորտին KfW-ի հիմնական առաջնահերթություններից է: Թումոյի հետ իրականացվող այս նորարարական ծրագրով նպատակ ունենք տարածել թվային կրթությունը այն երկրներում, որտեղ KfW-ն ունի համագործակցություն: Միայն միմյանցից սովորելու դեպքում մենք իսկապես կարող ենք հաջողել այս թվային դարաշրջանում: Ուստի, ես հույս ունեմ, որ Գերմանիայում կգտնենք շատ գործընկերներ այս ծրագիրն իրականացնելու համար»:

Թումո Բեռլինի ուսանողները մասնագիտանալու են ծրագրի 10 ոլորտներում. ծրագրավորում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, խաղերի ստեղծում, երաժշտություն, նկարչություն, լուսանկարչություն և ռոբոտաշինություն:

Խոսելով կրթական ծրագրի առանձնահատկությունների մասին` Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ընդգծեց. «Այն կրթական ծրագիրը, որը KfW-ի ու Թումոյի ջանքերով մեկնարկում է Բեռլինում, հավակնոտ է: Այն ընդգրկելու է տեխնոլոգիաների և դիզայնի ամենաարագ զարգացող ոլորտները, ինչպես նաև իրականացնելու է արհեստական բանականության, հաշվողական գրաֆիկայի, ալգորիթմային երաժշտության նախագծեր. այն տալու է բազմաթիվ հնարավորություններ հայտնաբերելու ապագայի մասնագիտությունները և պատրաստ լինելու դրանց»:

Բեռլինը Թումոյի հաջորդ միջազգային ուղղությունն է: Ծրագիրն արդեն գործում է Փարիզում և Բեյրութում, նախապատրաստվում է նաև բացել կենտրոններ Մոսկվայում, Տիրանայում, Տոկիոյում և այլ քաղաքներում: