Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Global Game Jam Armenia. 115 մասնակից և 25 խաղ 48 ժամվա ընթացքում
News 06/02/2020 09:50

Հունվարի 31-ից փետրվարի 2-ը տեղի ունեցավ Global Game Jam Armenia-ն, որը հանդիսանում է խաղերի ստեղծման ոլորտի ամենամեծ միջոցառումը Հայաստանում։

Արդեն 4-րդ անգամ անցկացվող միջոցառման նպատակն էր Հայաստանում խաղաստեղծների համայնքի ձևավորումն ու զարգացումը։

48 ժամ տեւողությամբ խաղերի ստեղծման հաքաթոնի ընթացքում մասնակիցները ստեղծեցին 25 վիդեոխաղ։

Հաքաթոնի համակազմակերպիչ և Noor Games-ի հիմնադիր Նարեկ Աղեկյանը կիսվեց մեզ հետ այս տարվա արդյունքներով։

«Global Game Jam-ը շատ լավ անցավ։ 115 հոգի մասնակցել է այս տարվա հաքաթոնին, չհաշված մենթորներին։ Այս տարի ջեմմերներին օգնել է 8 մենթոր։ Նրանք ներկայացնում էին տարբեր խաղերի ստաղծման ընկերություններ, բոլորն էլ խաղերի նախագծման (game design) մասնագետներ էին և ունեին շատ մեծ փորձ այս ոլորտում, որպեսզի օգնեին մասնակիցներին»,- պատմում է Նարեկը։

Այս անգամ ստեղծվեց մոտ 25 խաղ։ Կարող ենք դա համեմատել Հայաստանում անցկացող առաջին Global Game Jam-ին, որտեղ 5 խաղ էր ստեղծվել և 33 մասնակից կար։ Այսպիսով կարելի է տեսնել, թե ինչպես է աճել հետաքրքրությունը 4 տարիների ընթացքում՝ մոտ 5 անգամ։

«Global Game Jam-ը բազմաթիվ հաջողություններ ունի տարբեր ասպեկտներով. մեկն այն է, որ մարդիկ, ովքեր գալիս են և լինում ուսանող, մի քանի տարի անց  վերադառնում են արդեն որպես խաղերի ստեղծման մասնագետներ։ Երկրորդ՝ թիմեր են կազմում։ Երրորդ՝ ստեղծում են պրոյեկտներ, որոնց վրա շարունակում են աշխատել։ Օրինակ, անցյալ տարվա խաղերից մեկը, որը «լավագույն խաղ» նոմինացիային էր արժանացել։ Այս տարի նրանք հայտարարեցին, որ շարունակում են աշխատել խաղի վրա։ Ներկա պահին արդեն պատրաստ է խաղի board տարբերակը (մրցույթի ընթացքում նրանք ներկայացրել էին թվային տարբերակը), և նրանք ցանկանում են այն հանել վաճառքի»։

Ինչպես նշում է Նարեկը, մասնակիցները ամեն տարի զարմացնում են, ամեն տարի իննովացիոն գաղափարներ են ունենում, և 48 ժամը շատ հետաքրքիր է անցնում։

«Կան նույնիսկ մարդիկ, ովքեր ընտանիքներով էին մասնակցում՝ երեխաների, կամ ծնողների հետ։ Global Game Jam-ը դառնում է ընտանեկան միջոցառում՝ մարդիկ ընտանիքով գալիս են, խաղ են ստեղծում և ուրախանում։

Global Game Jam-ի նպատակը պետք է լինի խաղերի ստեղծման ոլորտի զարգացումը։ Իսկ մասնակիցների համար՝ 48 ժամից հաճույք ստանալը և վայելելը։

Մեր ապագա պլանների մեջ մտնում է շարունակել ավելի շատ ազդեցություն ունենալ խաղերի ստեղծման ոլորտի վրա և դարձնել այս ոլորտը Հայաաստանում ճանաչելի, հաջողակ և այնքան զարգացած, ինչպես դա ամբողջ աշխարհում է»,- կիսվում է Noor Games-ի հիմնադիրը։

Նշենք, որ GGJ Armenia 2020-ի համակազմակերպիչներն էին Noor Games-ը, ՀԱՀ Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) եւ Rockbite Games-ը: