Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ)`դառնալով Սթենֆորդի համալսարանի կողմից անցկացվող «Կանայք տվյալագիտության մեջ» (Women in Data Science) կոնֆերանսի գործընկեր, ապրիլի 25-ին Երեւանում եւ Աշտարակում կկազմակերպի WiDS Ashtarak եւ WiDS Yerevan միջոցառումները:
«Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսն անցկացվում է 2015թ.-ից՝ աշխարհի 50 երկրի շուրջ 150 քաղաքում։
Երևանում և Աշտարակում կայանալիք միջոցառումների մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու հայ և արտերկրի գիտնականների աշխատանքներին, մասնակցելու հետաքրքիր քննարկումների, ինչպես նաև կբացահայտեն Հայաստանում եւ աշխարհում տվյալագիտության կիրառելիությունը ամենատարբեր ոլորտներում՝ ներառյալ բիզնեսը, արդյունաբերությունը, ճարտարագիտությունը, քաղաքաշինությունը, բժշկությունը և այլն։
Նշենք, որ Հայաստանում ՁԻՀ-ի կողմից կազմակերպվող «Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսների դեսպանն է ՁԻՀ բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը։ Միջոցառումները կանցկացվեն Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ (ISTC)։
«Հայաստանում Լեհաստանի դեսպանատան օժանդակությամբ՝ 2019թ. նոյեմբերի 13-14-ը հայաստանյան պատվիրակության կազմում Վարշավայում մասնակցեցի Perspektywy Women in Tech Summit 2019 համաժողովին: Այնտեղ ծանոթացա WiDS կոնֆերանսի համահիմնադիր Մարգո Գերիտսենի հետ, ում հետ բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց, որ ՁԻՀ-ը կարող է դառնալ WiDS-ի դեսպանը Հայաստանում»,- պատմել է Ամալյա Եղոյանը, հավելելով, որ յուրաքանչյուր քաղաքում նախատեսվում է ունենալ 100-ից ավելի մասնակից:
«Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսի նպատակն է ուղղորդել կանանց դեպի տվյալագիտության ոլորտ: Ամալյա Եղոյանն ընդգծել է, որ կանանց ներգրավվածության ավելացումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում նաեւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի առաքելություններից է:
«Համոզված եմ, որ այս համագործակցությունը ոգեւորող խթան կհանդիսանա կանանց համար՝ մասնակցելու տվյալագիտության ոլորտի դասընթացների եւ ծրագրերի: Ցանկանում եմ հատկապես առանձնացնել Աշտարակ քաղաքում միջոցառման անցկացման փաստը, քանի որ այն առանցքային է Հայաստանի տեխնոլոգիական ապակենտրոնացման և մարզային հզորացման գործընթացում»,- եզրափակել է Ամալյա Եղոյանը: