Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կոռոնավիրուսի հետ կապված նրանք իջեցնում են Krisp-ից օգտվելու գինը և տարբեր հնարավորություններ ընձեռնում օգտատերերին։
«Վերջին մեկ ամսում Krisp-ի ներբեռնումները 6 անգամ աճել են։ Հարյուրավոր մարդիկ անձնական նամակներով գրում և շնորհակալություն են հայտնում տանից աշխատանքը անաղմուկ և առանց սթրեսի սարքելու համար (առանց երեխաների ձայների)։
Նաև գիտենք, որ բազմաթիվ ուսումնական հաստատություններ անցել են հեռակա ուսուցման մեթոդներին։ Այս քայլով, փորձում ենք Krisp-ը ավելի հասանելի դարձնել բոլորին՝
– Շաբաթական անվճար 120 րոպե աղմուկի հեռացում։
– Ուսանողների, դասախոսների, ուսումնական հաստատությունների, հիվանդանոցների և կառավարական մարմինների համար Krisp-ը կլինի անվճար։
– 30%-ով գնի իջեցում։
Հիմա աշխատում ենք Հայաստանի համար անվճար տարբերակի վրա, որը հասանելի կլինի երկու օրից»,- նշում է Արտավազդը։
Krisp-ը իր բլոգում նշում է, որ ինքնամեկուսացումը վիրուսի տարածումը խափանող միակ ապացուցված միջոցն է, ինչը նշանակում է, որ մարդիկ պետք է աշխատեն տնից: Մարդկանց անհրաժեշտ են ճիշտ գործիքներ՝ արդյունավետությունը պահպանելու և այս դժվարին ժամանակահատվածում ավելի քիչ սթրեսի ենթարկվելու համար: Անհատներն ու ընկերությունները պետք է ակտիվ լինեն այս դժվարին ժամանակահատվածում միմյանց օգնելու հարցում: «Մեր պարտականությունն է անել ամեն հնարավոր բան նման իրավիճակներում օգնելու համար»։
Ընկերությունը նշում է, որ այս որոշումը ոգեշնչվել է Zoom-ից, Google-ից, WebEx-ից, Loom-ից և այլ հիանալի ընկերություններից, որոնք այս օրերին կարևոր գործողություններ են ձեռնարկում: