Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման դրամաշնորհային մրցույթի արդյունքները։
Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (Covid-2019) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար։
Մրցութային հանձնաժողովի գնահատման արդյունքում 18 հայտադիմումներից հաղթող է ճանաչվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որը ծրագրի շրջանակներում շուրջ 2,000 մասնակցի համար կազմակերպելու է «Ծրագրավորման հիմունքներ» թեմայով երկամսյա առցանց դասընթացներ (շաբաթական առնվազն երկու անգամ հաճախականությամբ), որոնց կարող են մասնակցել Երևանում և մարզերում բնակվող քաղաքացիները։
«Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը հնարավորություն է տալու`
– ուսանողներին ծանոթանալու համակարգչային գիտությունների հիմունքներին,
– հաղորդելու C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ,
– ձևավորելու կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ,
– զարգացնելու ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն,
– նպաստելու ուսանողների ինքնակրթությանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 8-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր դրամաշնորհների մրցույթ՝ այլ որորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացների կազմակերպման նպատակով, որի գնահատման մեխանիզմի մանրամասները ներկայացված են նախարարության կայքում: