Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
SmartGateVC-ն Գլենդելում հիմնում է տեխնոլոգիական կենտրոն՝ Hero House Glendale-ը
News 03/06/2020 07:03

– 2020 թ․-ի աշնանը SmartGate վենչուրային ֆոնդը Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում պատրաստվում է հիմնել տեխնոլոգիական կենտրոն՝ Hero House Glendale անվամբ:

– Hye Rise Investments-ը և Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը (AESA) ռազմավարական դաշինք են ձևավորել Hero House-ի հետ` նպատակ ունենալով արագացնել Գլենդելի վերափոխումը Լոս Անջելեսի առաջատար տեխնոլոգիական հանգույցներից մեկի:

– Գլենդելի քաղաքապետարանից ստացված դրամաշնորհի միջոցով իրականացվելու է Gateway to LA (G2LA) աքսելերացիոն ծրագիրը:

SmartGate վենչուրային ֆոնդը այս տարի աշնանը պատրաստվում է Hero House հիմնել Գլենդելում (մեկնարկի ժամկետը ենթակա է փոփոխության` պայմանավորված COVID-19-ի զարգացումներով): Hye Rise Investments-ը և Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը (AESA) միանում են նախաձեռնությանը` որպես Hero House Glendale-ի ռազմավարական գործընկերներ:

Hero House Glendale-ը կսկսի իր գործունեությունը Gateway to LA (G2LA) եռամսյա աքսելերացիոն ծրագրի գործարկմամբ, որը միտված է օգնելու արտերկրյա նորաստեղծ ձեռնարկություններին ընդլայնել իրենց գործունեությունը Հարավային Կալիֆորնիայում և, առհասարակ, ԱՄՆ-ում՝ միաժամանակ օգտագործելով Լոս Անջելեսի տարածաշրջանում առկա բիզնեսի զարգացման հնարավորությունները: Մեկնարկի համար SmartGateVC-ն Գլենդելի քաղաքապետարանից ստացել է 500 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում տեխնոլոգիական պատկերը Լոս Անջելեսի տարածաշրջանում զգալիորեն վերափոխվել է: Նախատեսվում է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում Լոս Անջելեսի շուրջ տեխնոլոգիական ընկերություների ավելի մեծ կենտրոնացում կլինի և այնտեղ կհաստատվեն ավելի մեծ թվով տեխնոլոգիական ձեռներեցներ։ Արդյունքում, Լոս Անջելեսի տարածաշրջանը կդառնա Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածաշրջանից հետո տեխնոլոգիաների հաջորդ մեծ հանգույցը: Hero House Glendale-ը նպատակ ունի ծառայելու Գլենդելի և շրջակա տարածքների ընդլայնվող կարիքներին և ազդեցիկ դերակատար դառնալ նոր պարադիգմի շրջանակներում: Այսպիսով, Hero House Glendale-ը ավելին է, քան մեկ ծրագիր։ Գործընկերների հետ միասին աշխատանքները կենտրոնացված կլինեն հետևյալ ուղղությունների վրա.

– աջակցել տեխնոլոգիական ընկերություններին գործունեության ողջ ընթացում՝ այդ թվում G2LA-ի շրջանակներից դուրս,

– բացառիկ հետազոտական ծրագրերի շուրջ համախմբել տեղական գիտական և ինժեներական ներուժը,

– Գլենդելում և հարակից շրջաններում զարգացնել վենչուրային կապիտալի և հրեշտակային ներդրումների մշակույթը և Hero House Glendale-ի շուրջ հիմնել հրեշտակային ներդրողների համայնք (SmartGateVC-ն և Hye Rise Investments-ը կդնեն վենչուրային ներդրումների ենթակառուցվածքային հիմքերը),

– Գլենդելի երիտասարդության և ուսանողների համար կազմակերպել և հյուրընկալել ձեռներեցական, ներդրումային և տեխնոլոգիական տարբեր միջոցառումներ, ինչպես նաև նախագծել և իրականացնել տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրեր:

SmartGate վենչուրային ֆոնդի գործընկեր Համբարձում Քաղկեցյանը նշում է. «Նկատելի է, որ շատ տեխնոլոգիական ընկերություններ դուրս են գալիս Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածաշրջանից, և Լոս Անջելեսի տարածաշրջանը արդեն գլխավոր ուղղություններից մեկն է: Քչերը գիտեն, որ Disney-ը և Dreamworks-ը սկիզբ են առել Գլենդելից, իսկ Warner Bros-ը, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը և շատ այլ հրաշալի կազմակերպություններ և ընկերություններ այստեղից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա են: Չնայած Hero House Glendale-ը մեկնարկվում է ձեռներեցների համար նախատեսված միջազգային ծրագրով, այն բարդ և բազմաշերտ նախագիծ է, որի մեջ ներգրավված են բազմաթիվ գործընկերներ և շահագրգիռ կողմեր: Մեր տեսլականն է առաջիկա 3-5 տարիներին դառնալ Լոս Անջելեսի լավագույն տեխնոլոգիական հանգույցներից մեկը: Մենք ոգևորված ենք այս նախաձեռնությամբ»:

Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը (AESA) կհյուրընկալվի Hero House Glendale-ում և առանցքային դեր կունենա ԱՄՆ-ում հայկական գիտատեխնիկական ներուժի խթանմանն ու համախմբմանն ուղղված գործողություններում: Գլենդելում ունենալով իր կենտրոնատեղին՝  ԱՃԳԸ-ն համախմբում է գիտական և տեխնոլոգիական ամենատարբեր բնագավառներում մեծ հաջողությունների հասած  մասնագետների: Այն հիմնականում կենտրոնացած է ամբողջ աշխարհի հայերի մասնագիտական, տեխնիկական և գիտական կարիքների լուծման վրա: ԱՃԳԸ-ն առանցքային նշանակություն կունենա Գլենդելի և շրջակա շրջանների երիտասարդների և ուսանողների հետ իրականացվող աշխատանքներում` տեխնոլոգիաները խթանելու և այն Գլենդելի ԴՆԹ-ի մաս դարձնելու համար:

«ԱՃԳԸ-ն ռազմավարական դաշինք է ստեղծել Hero House-ի հետ` Գլենդելը և սահմանակից շրջանները գիտատեխնոլոգիական հանգույցի վերածելու համար՝ գործարկելով ԱՃԳԸ-ի ռեսուրսներն ու կապերը: Այս դաշինքը համահունչ է ԱՃԳԸ-ի առաքելությանը, այն է՝ հայկական գիտատեխնիկական համայնքին հնարավորություն ընձեռել լուծելու համաշխարհային մարտահրավերները նորարարական լուծումների միջոցով», – նշում է ԱՃԳԸ-ի նախագահ Ռիչարդ Օհանյանը:

Hero House Glendale-ը տեղակայված կլինի Միրա Լոմա պողոտա 326 հասցեում՝ 650 քմ մակերեսով տարածքում: Տարածքը տրամադրում է Hye Rise Investments-ը, որը հանդիսանում է նորաստեղծ ներդրումային խումբ Գլենդելում:

«Որպես սերիական ձեռներեց և ներդրող, իմ երազանքն էր որպես մենթոր աջակցել և ներդրումներ կատարել տեխնոլոգիական նորաստեղծ ձեռնարկություններում և ինձ շրջապատել այնպիսի մարդկանցով, ովքեր պատրաստ են փոխել աշխարհը: Hero House Glendale-ի շրջանակներում SmartGateVC-ի հետ համագործակցությունը ինձ հնարավորություն է տալիս իրականացնել այդ երազանքը և օգտակար լինել այն քաղաքին, որը ես միշտ անվանում էի տուն», – նշում է Hye Rise Investments-ի հիմնադիր Զարիկ Մեգերդիչյանը:

«Լոս Անջելեսի տարածքը հայտնի է համաշխարհային մակարդակի գիտական և կրթական հաստատություններով, և մենք հավատացած ենք, որ Hero House Glendale-ը կդառնա կարևոր հանգույց՝ կապելով ձեռներեցությունն ու ակադեմիան», – նշում է SmartGate վենչուրային ֆոնդի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը:

Hero House Glendale-ին կաջակցեն նաև տեղական առաջատար տեխնոլոգիական ընկերություններ Service Titan-ը և DISQO-ն, Սիլիկոնյան Հովտում հիմնադրված հայկական կազմակերպություններ HyeTech-ը և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղը, ինչպես նաև տեղական առաջատար համալսարաններ՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանը, և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը: Այս գործընկերներից յուրաքանչյուրը յուրահատուկ արժեք է բերում Hero House Glendale-ին և Գլենդելի տեխնոլոգիական էկոհամակարգին:

SmartGateVC-ն նաև համագործակցություն է հաստատել աշխարհի  ավելի քան 20 առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ իր պորտֆելային ընկերությունների և Hero House-ի համայնքի համար գործընկերային փաթեթներ տրամադրելու համար (յուրաքանչյուր ընկերության համար փաթեթի արժեքը գերազանցում է 500 հազար ԱՄՆ դոլարը):

«Գլենդելում Hero House-ի հիմնումը ռազմավարական կարևորություն ունի SmartGateVC-ի համար, որը թույլ կտա մեր ներկա և ապագա պորտֆելային  ընկերություններին արդյունավետորեն օգտագործել ինչպես Հյուսիսային Ամերիկայի, այնպես էլ Եվրոպայի մտավոր ներուժն ու բիզնեսի զարգացման հնարավորությունները: Անհամբերությամբ սպասում ենք ականատես լինելու տեխնոլոգիայի, կապիտալի և ձեռներեցության համախմբմանը, որը կհանգեցնի նորարար ընկերությունների հզոր հոսքի ձևավորմանը», – նշում է SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը:

Hero House-ի աքսելերացիոն ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թ․-ի աշնանը: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ․ GlendaleTechWeek.com/accelerator։

Hero House-ի մասին

2017 թ.-ին SmartGate վենչուրային ֆոնդի հիմնադիրները Հայաստանում հիմնել են Hero House-ը՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի աջակցությամբ՝ Եվրոպական միության EU4Business նախաձեռնության շրջանակներում՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգը: Hero House-ը տեխնոլոգիական կենտրոն է, որը տարեկան երկու անգամ իրականացնում է եռամսյա աքսելերացիոն ծրագիր: Մինչ այսօր իրականացվել են 5 շրջափուլեր, իսկ հունիսի սկզբին կգործարկվի նոր, առավել առաջադեմ Traction ծրագիրը: Hero House-ի նախաձեռնությունները նաև համատեղում են գիտությունը և տեխնոլոգիաները «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա կոնֆերանսի շրջանակներում (STCC), ամրապնդում են ակադեմիա-արդյունաբերություն համագործակցությունը «Արհեստական բանականության ինկուբատորի» (Artificial Intelligence Incubator) միջոցով, նպաստում են տաղանդների առաջացմանը և կարողությունների զարգացմանը Entrepreneurial Assistants’ School և Startup Boost Weekend ծրագրերի միջոցով և այլն:

SmartGateVC-ի մասին

SmartGateVC-ն Սիլիկոնային հովտի նախասաղմնային վենչուրային հիմնադրամ է, որում ներդրումներ են կատարել Թիմ Դրեյփերը և ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի շարք ձեռնարկատերեր և մասնագետներ: Ֆոնդի հիմնական ուղղություններն են Արհեստական բանականությունը (AI), Անվտանգությունը, Իրերի համացանցը (IoT) և Զարգացող հաշվողական կենսատեխնոլոգիան, Քվանտային հաշվարկը և Բլոկչեյնը Կալիֆոռնիա և Մասաչուսեթս նահանգներում, Նյու Յորքում, Հայաստանում և Արևելյան Եվրոպայում: Հիմնադրամը ներդրումներ է կատարում բացառիկ տեխնոլոգիական նորարարությունների մեջ, որոնցում գիտությունն ու ձեռներեցությունը միանալով՝ արձանագրում են աննախադեպ արդյունքներ: Հայաստանում այն առաջատար վենչուրային ֆոնդ է՝ 18 տեխնոլոգիական ընկերություններից կազմված պորտֆոլիոյով: