ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանի կողմից կազմակերպվում է այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար «Ծրագրավորման հիմունքներ» առցանց անվճար դասընթաց։
Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020 թվականի բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու համար:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի կողմից իրականացվում է 2000 մասնակցի համար «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց (online) դասընթաց, որը հնարավորություն է տալու`
-
ծանոթանալ համակարգչային գիտությունների հիմունքների հետ,
-
հաղորդել C++ ծրագրավորման լեզվի հիմնային գիտելիքներ,
-
ձևավորել կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն ուսանողի հետագա կրթությանը ծրագրավորում մասնագիտության մեջ,
-
զարգացնել ինժեներական մտածողություն և մասնագիտական հետաքրքրասիրություն։
Ծրագրին կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած այն ՀՀ և Արցախի Հանրապետության քաղաքացիները, որոնք կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի նպատակին: Նախապատվությունը տրվելու է և առաջնային դիտարկվելու են ոչ տեխնոլոգիական կրթություն ունեցող և այլ ոլորտներից տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն ունեցող մասնակիցներին:
Մասնակցի անհրաժեշտ նվազագույն գիտելիքները և հմտություններն են՝
-
Դպրոցական մաթեմատիկայի իմացություն,
-
անգլերեն կարդալու և հասկանալու կարողություններ.
-
նվազագույն համակարգչային գիտելիքներ,
-
անալիտիկ մտածողություն,
-
ոչ ֆորմալ միջավայրում սովորելու կարողություն (հեռավար)։
Դիմորդների նախնական գնահատումն իրականացվելու է առցանց թեստի, անհրաժեշտության դեպքում՝ հարցազրույցի միջոցով։ Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 10 հարցից (հայերեն և անգլերեն լեզուներով 5 մաթեմատիկական և 5 տրամաբանական հարցեր)։ Թեստի անցողիկ միավորը Երևանում գրանցված մասնակիցների համար կլինի 60% և ավելի, իսկ մարզերի և Արցախի Հանրապետության դեպքում 50% և ավելի միավորը:
«Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա դասընթացն իրականացվելու է շաբաթական առնվազն 2 անգամ (ընդհանուր 16 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է մինչև 30 ուսանողից։ Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից։
Տեսական մասում ենթադրում է համակարգչային գիտությունների հիմունքների և մասնավորապես՝ C++ ծրագրավորման լեզվի բազային թեմաների ուսուցանում և դրանց կիրառությունների վերհանում։ Գործնական մասը ներառում է ինքնուրույն և խմբային կիրառական նախագծեր, տարբեր բնույթի խնդիրներ, առաջադրանքներ և տնային հանձնարարություններ։ Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված «Zoom» ծրագրային ապահովման միջոցով: Ինքնուրույն աշխատանքի ստուգման համար օգտագործվելու է www.ejudge.ru համակարգը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։
Դասընթացի ավարտին ուսանողը կունենա ստորև սահմանված գիտելիքները և հմտությունները՝
-
Խորությամբ կհասկանա ծրագրավորման բազային գործիքները և կկարողանա կիրառել դրանք գործնական առաջադրանքներում,
-
կտիրապետի ցիկլերի տեսակներին և օպերատորներին,
-
կկարողանա աշխատել ֆունկցիաներով և ստեղծել ֆունկցիաներ,
-
կկարողանա գործողություններ կատարել միաչափ և երկչափ զանգվածների հետ,
-
կհասկանա ալգորիթմների բարդության գաղափարը։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի ավարտական սերտիֆիկատ և մասնակցության տեղեկանք։
Լավագույն արդյունքներ ցուցաբերած 40-50 ուսանողների համար ՀՌՀ-ն կկազմակերպի հավելյալ անվճար երկամսյա դասընթաց՝ նվիրված C++ խորացված գիտելիքներին և տվյալների կառուցվածքին։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մինչև 5 ուսանող հնարավորություն կունենա վճարովի հիմունքներով ներառվելու բուհի ներքին գիտահետազոտական աշխատանքներում: