«Ֆորեստ Գարդ»-ը /Forest Guard/՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախկին ստարտափ դրամաշնորհառուներից մեկը, IoT մոնիտորինգի սմարթ համակարգ է՝ անտառների ապօրինի ծառահատումները և հրդեհները հայտնաբերելու համար:
Այն օգտագործում է LoRa տեխնոլոգիան և մշակել է եզակի FFT ալգորիթմ, որը սենսորային համակարգին թույլ է տալիս 12 անգամ խնայել էլեկտրաէներգիան և ազդանշաններն ուղարկել շատ արագ: Համակարգը կարող է գործել անլար, նույն մարտկոցներով՝ նույնիսկ 6 տարի և ավելին:
«Ֆորեստ Գարդ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Սվետլանա Ջաղացպանյանը հիշում է, թե ինչպես 2 տարի առաջ թիմը որոշեց դիմել դրամաշնորհի։ Դա բեկումնային որոշում դարձավ թիմի համար՝ արագացնել աճը և ապագայի հստակ պլաններ կառուցել։
Դրամաշնորհի օգնությամբ թիմը հաջողությամբ պիլոտային ծրագիր իրականացրեց Ստեփանավանի անտառում։
Վառ տեսլականով և աշխարհը փոխելու պատրաստակամություն ունեցող ձեռնարկատերերին ՁԻՀ-ը խրախուսում է դիմել «Նորարարության համաֆինանսավորվող դրամաշնորհների» մրցույթին։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարում է Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների հերթական մրցույթը։
Դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել Երևանում և մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական և տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները, ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացմանն, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և այլն։ Ակնկալվում է, որ այս դրամաշնորհային մրցույթին ներկայացված ծրագրերը կնպաստեն նաև համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարմանը, հատկապես՝ առավել խոցելի ոլորտներում։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2020թ. օգոստոսի 6-ը, ժ. 23:59 (Երևանի ժամանակով)։ Ծրագրի մանրամասներին և դիմելու գործընթացին կարող եք ծանոթանալ այստեղ։