Online Hero Talks առցանց քննարկումների շրջանակներում Հերո Հաուսը կազմակերպել է պանելային քննարկում սփյուռքի տեխնոլոգիական ձեռնարկատիրական համայնքների վերաբերյալ, որին ուղիղ հեռարձակմամբ կարող եք միանալ օգոստոսի 14-ին, 20։00-ին` Հերո Հաուսի Facebook և YouTube ալիքներով: Քննարկումը մեկ հարթակում կմիավորի այն մարդկանց, ովքեր Հայաստանից դուրս ստեղծել են ուժեղ տեխնոլոգիական ձեռնարկատիրական համայնքներ, մասնավորապես՝ Սիլիկոնյան հովտում ձևավորված HyeTech և Եվրոպայում ձևավորված HyeTech Europe համայքները, Ամերիկայի հայ ճարտարագետներ և գիտնականներ (Armenian Engineers & Scientists of America) համայնքը, և Մեծ Բոստոնի տարածքի հայկական կենսատեխնիկական խումբը (Armenian Biotech Group of the Greater Boston Area):
Քննարկման խոսնակներն են Ներսես Օհանյանը՝ HyeTech համայնքի համահիմնադիր, Vineti ընկերությունում հաճախորդների հաջողության ավագ փոխնախագահ, Արմեն Վերդյանը՝ HyeTech Europe համայնքի հիմնադիր, GA Partners ընկերության համահիմնադիր և կառավարող գործընկեր, Ռիչարդ Օհանյանը՝ AESA համայնքի նախագահ, Jet Propulsion Lab ընկերության տեխնիկական խմբի ղեկավար, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս, և Աշոտ Պապոյանը՝ Մեծ Բոստոնի տարածքի հայկական կենսատեխնիկական խմբի հիմնադիր, Elm Tree Research ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն:
Քննարկումը կվարի AppearMe ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Մարգարյանը:
Քննարկման ընթացքում վեր կհանվեն սփյուռքում առկա գիտության և տեխնոլոգիական ձեռնարկատիրության ոլորտը Հայաստանի հետ կապելու հնարավոր ուղիները, համայնքներին միանալու, վերջիններիս զարգացմանը նպաստելու, ինչպես նաև նոր կապեր հաստատելու եղանակները, և հնարավոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ավելի արդյունավետորեն օգտագործել առկա ներուժը ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում:
Պանելային քննարկումը կազմակերպվում է Online Hero Talks շարքի շրջանակներում, որը նախաձեռնել է Հերո Հաուսը և որին աջակցում է Վիվա-ՄՏՍ-ը: Առցանց քննարկումենրի այս շարքը մեկնարկել է հունիսին և արդեն իսկ հյուրընկալել է 10-ից ավելի պանելային քննարկումներ և Q&A (հարց ու պատասխան) միջոցառումներ ոլորտի մասնագետների և համաշխարհային ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նպատակը միջազգային լավագույն փորձի ներմուծումն է Հերո Հաուսի և վերջինիս սահմաններից դուրս ձևավորված ձեռնարկատիրական համայնք: Առաջիկա ամիսներին ևս նախատեսվում են քննարկումներ տարբեր թեմաներով: Հաջորդիվ տեղի կունենա պանելային քննարկում ընկերության ելքի (exit) ռազմավարությունների վերաբերյալ (Cracking the Exit Puzzle) և ևս մեկը այն մասին, թե ինչպես պետք է կազմակերպել վաճառքի գործընթացքը մեծ ձեռնարկությունների հետ (օգոստոսի 28, Selling to Corporates): Կարող եք հետևել Հերո Հաուսին Facebook-ում կամ YouTube-ում, որպեսզի ստանաք առաջիկա քննարկումների մասին թարմացված տեղեկատվություն: