Կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթների արդյունքներն արդեն հայտնի են:
17-րդ միջոցառումը նպատակ ունի լուծելու երկու կարևոր խնդիր՝
• Ապահովելու արդյունավետ աշխատատեղերի պահպանումը ոլորտում,
• Խթանելու արտադրանք՝ պրոդուկտ ստեղծող ընկերությունների զարգացումը երկրում կորոնավիրուսի տարածման պայմաններում:
Ծրագրի արդյունքները սեպտեմբերի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը:
Առաջին և երկրորդ ծրագրերի հայտերն ընդունվել են հունիսի 1֊ից հուլիսի 1֊ն ընկած ժամանակահատվածում, իսկ երրորդ ծրագրի՝ համաֆինանսավորման դրամաշնորհների հայտերն ընդունվելու են մինչև դեկտեմբերի 1֊ը։
Առաջին և երկրորդ ծրագրերի հայտերի առաջին փուլի գնահատումն ավարտվել է օգոստոսի 11֊ին, երկրորդ՝ փիչինգի փուլն անց է կացվել օգոստոսի վերջին՝ 20-29֊ն ընկած ժամանակահատվածում:
Գնահատումն իրականացվել է անկախ մասնագիտական հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են եղել փորձագետներ տեղական ստարտափ էկոհամակարգի, տեխնիկական, թվային զարգացման, ինովացիոն էկոհամակարգի ոլորտներից, տեխնոլոգիական սարքավորումների (hardware) մասնագետներ, ներկայացուցիչներ տեղական ասոցիացիաներից, ԲՏ նախարարությունից՝ որպես ծրագրի համակարգող՝ մեկ ներկայացուցիչ:
Հանձնաժողովը ծրագրի առաջին փուլում գնահատել է հայտատուների կողմից ներկայացված դիմումներն ըստ հետևյալ չափորոշիչների՝
• Առաջին դրամաշնորհ․
արտադրանքը՝ 15%, նորարարությունը՝ 20%, թիմը՝ 15%, շուկան՝ 10%, բիզնես պլանը՝ 15%, ռիսկը՝ 10%, ֆինանսները՝ 15%:
• Երկրորդ դրամաշնորհ․
արտադրանքը՝ 20%, նորարարությունը՝ 15%, թիմը՝ 15%, շուկան՝ 10%, բիզնես պլանը՝ 15%, ռիսկը՝ 10%, ֆինանսները՝ 15%:
Երկրորդ՝ փիչինգի փուլում գնահատվել են բիզնես պլանը՝ 25%, իրագործելիությունը՝ 25%, ֆինանսական համապատասխանելիությունը և հիմնավորումը՝ 30%, ներկայացումը՝ 20%:
17-րդ միջոցառման առաջին ծրագրի շրջանակներում նորարարական դրամաշնորհներ կտրամադրվեն և պայմանագրեր կկնքվեն վերջին 2 տարում ՀՀ-ում գրանցված և արտադրանք ստեղծող իրավաբանական անձանց հետ: Ծրագրի շրջանակներում նախատեսված է մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհ յուրաքանչյուր հաղթող նախագծի համար:
Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլին դիմել է 141 կազմակերպություն, որոնցից գնահատվել է 117 հայտ (24 հայտ անվավեր է ճանաչվել): Հանձնաժողովի կողմից առավելագույն 10 միավորից 7.5 և ավել միավոր հավաքած հայտատուներն անցել են երկրորդ փուլ: Արդյունքում մրցույթի երկրորդ՝ փիչինգի փուլ է անցել 35 կազմակերպություն, որոնցից 23-ի հետ կկնքվեն դրամաշնորհային պայմանագրեր նախարարության կողմից, քանի որ բավարարել են բոլոր՝ նախանշված չափորոշիչներին:
Իրենց գաղափարների իրականացման համար այս կազմակերպություններին կտրամադրվի ընդհանուր շուրջ 227 մլն ՀՀ դրամ:
Ընկերությունները, որոնց հետ առաջին ծրագրի շրջանակներում կկնքվեն դրամաշնորհային պայմանագրեր, ունեն հետևյալ ոլորտային բաշխումը․
• Արհեստական բանականություն՝ 32%,
• Տվյալագիտություն՝ 19%,
• Իրերի ինտերնետ՝ 14%,
• Ռոբոտաշինություն՝ 11%,
• Կապի ժամանակակից տեխնոլոգիաներ՝ 5%,
• Բիոինժեներական տեխնոլոգիաներ՝ 5%,
• Ռադիոէլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա՝ 5%,
• Էներգիայի պահեստավորման տեխնոլոգիաներ՝ 3%,
• Գերհաղորդիչներ՝ 3%,
• Այլ՝ 3%:
17-րդ միջոցառման երկրորդ ծրագրով՝ «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրի շրջանակներում դրամաշնորհներ կտրամադրվեն 2 և ավել տարիներ ՀՀ֊ում գրանցված ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերություններին, որոնք պատրաստել և մշակել են պրոդուկտներ, մրցույթի արդյունքում ճանաչվել են հաղթող:
Ծրագրի շրջանակներում նախատեսված է մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհ յուրաքանչյուր հաղթող նախագծի համար
Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլին դիմել է 148 կազմակերպություն, որոնցից գնահատվել է 143 հայտ (5 հայտ անվավեր է ճանաչվել): Հանձնաժողովի կողմից առավելագույն 10-ից 7.5 և ավել միավոր հավաքած հայտատուներն անցել են երկրորդ փուլ: Արդյունքում մրցույթի երկրորդ փուլ է անցել 46 կազմակերպություն: Փիչինգի արդյունքներով 41-ի հետ կկնքվի դրամաշնորհային պայմանագիր:
Իրենց նախագծերի իրականացման համար այս կազմակերպություններին կտրամադրվի ընդհանուր շուրջ 788 մլն 895 հազ․ դրամ: Կազմակերպությունների մեծ թվով պայմանավորված՝ հատկացվել են լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ 460մլն դրամի փոխարեն հատկացնելով ևս լրացուցիչ 328,8 մլն դրամ:
Ընկերությունները, որոնց հետ երկրորդ ծրագրի շրջանակներում կկնքվեն դրամաշնորհային պայմանագրեր, ունեն հետևյալ ոլորտային բաշխումը․
• Արհեստական բանականություն՝ 19,4%,
• Տվյալագիտություն՝ 11,3%,
• Ռոբոտաշինություն՝ 8,1%,
• Ռադիոէլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա՝ 8,1%,
• Իրերի ինտերնետ՝ 8,1%
• Կապի ժամանակակից տեխնոլոգիաներ՝ 6,5%,
• Օպտիկա-լազերային տեխնոլոգիաներ՝ 3,2%,
• Կիբեռանվտանգություն՝ 3,2%,
• Էներգիայի ստացման այլընտրանքային տեխնոլոգիաներ՝ 3,2%,
• Էներգիայի պահեստավորման տեխնոլոգիաներ՝ 3,2%,
• Բժշկական սարքավորումների արտադրություն՝ 3,2%,
• Բարձր ճշտության արտադրական տեխնոլոգիաներ՝ 3,2%,
• Նանոտեխնոլոգիաներ՝ 1,6%,
• Բլոկչեյն տեխնոլոգիաներ՝ 1,6%,
• Բիզնեսի ավտոմատացման համակարգեր՝ 1,6%,
• Ավիատիեզերական տեխնոլոգիաներ՝ 1,6%,
• Այլ՝ 12,9%:
Հատկանշական է, որ 17-րդ միջոցառման երրորդ ծրագրի համար դիմումների ընդունումը դեռ ընթացքի մեջ է: Հայտերն ընդունվելու են թղթային և էլեկտրոնային տարբերակներով մինչև 01.12.2020թ. ժամը 18:00-ն:
17-րդ միջոցառման երրորդ ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացված է ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքում՝ https://hti.am/pages.php?lang=1&id=7550&page_name=news :