Քարվաճառ և Հադրութ շրջկենտրոնների և Իշխանաձոր համայնքի պատանիներն արդեն այս տարի կսկսեն ինքնուսուցումն իրենց Թումո տուփերում՝ մինի-Թումոներում, իսկ դասընթացների և աշխատարանների համար կմեկնեն Թումո Ստեփանակերտ։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջին երեք Թումո-տուփերը տեղադրել ընթացիկ տարում՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում և Քարվաճառ ու Հադրութ շրջկենտրոններում:
Հանդիպման մանրամասների մասին նախագահ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել։
«Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու և, բացի մայրաքաղաքից, Հանրապետության շրջաններում ևս մինչև տասը նոր «Թումո-տուփեր» (էսքիզը՝ կից) տեղադրելու վերաբերյալ, որոնք կապված են լինելու Թումո հանգույցների հետ: Յուրաքանչյուր կենտրոնում հնարավորություն կստեղծվի մինչև 320 ուսանողի ուսուցման համար», – սա մի հատված է նախագահի գրառումից՝ կից էսքիզներն են։