«Ինժեներական քաղաք» ծրագրի ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում տեղեկացրել են, որ թվով 8 ինժեներական ընկերություններ արդեն իսկ ստացել են «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտի կարգավիճակ և միացել ինժեներական մեծ ընտանիքին։
Ծրագրի մասնակցության չափորոշիչներին բավարարելու և քաղաքի ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դեպքում ընկերությունները հնարավորություն կստանան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու համապատասխան հողատարածքներ՝ իրենց գրասենյակները կառուցելու նպատակով: Ռեզիդենտները նաև հասանելիություն կստանան համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական ու նախատիպերի լաբորատորիաներին, արտադրական մեքենաներին ու սարքավորումներին։
Ծրագրին կարող են դիմել ստորև ներկայացված ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները՝
- նյութագիտություն,
- էլեկտրոնիկա (ռադիոէլեկտրոնիկա),
- չափիչ սարքավորումներ և համակարգեր,
- ռադիոհաճախականային սարքավորումներ և համակարգեր,
- ավիատիեզերական սարքավորումներ և համակարգեր,
- ռոբոտաշինություն,
- կիսահաղորդչային սարքավորումներ,
- վարորդների աջակցման արդի համակարգեր (ADAS),
- կենսաբժշկական սարքավորումներ։
Հայտագրման պայմաններն ու այլ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով: Տեղերը սահմանափակ են և առավելությունը կտրվի ժամանակային առումով առաջինը ներկայացված դիմումներին։
Հավելենք, որ «Ինժեներական քաղաք»-ը տեղակայված է Երևանի Նոր Նորքի Բագրևանդի փողոց 74 հասցեում գտնվող 3 հեկտար հողատարածքի վրա։ Որպես ծրագրի արդյունք՝ նախատեսվում է ստեղծել նոր ձևաչափի էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ՝ տեղական ու միջազգային շուկաների համար։
«Ինժեներական քաղաք»-ը պետություն-մասնավոր գործընկերության հիմքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և մասնավոր հատվածի համագործակցությամբ և աջակցությամբ։
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2002թ.-ին և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար: